Iravaban.net-ը, ուսումնասիրելով Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը, հայտնում է, որ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության N 397-Ա որոշման մեջ՝ պայմանավորված Նոր Գեղիի քոլեջի ուսումնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքների չավարտված լինելու հանգամանքով։
Նախատեսվում է երկարաձգել որոշմամբ սահմանված հանձնարարականների ժամկետները մինչև 2026 թվականի հոկտեմբեր՝ ապահովելու համար երկու ուսումնական հաստատությունների անխափան գործունեությունը։ Քաղաքաշինական աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է նաև շահագործման հանձնելու լրացուցիչ գործընթաց, ինչի պատճառով գործող ժամկետների պահպանումը ներկայումս հնարավոր չէ։
Փոփոխության նպատակն է ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը և ուսանողների ու մանկավարժական անձնակազմի շահերի պաշտպանությունը՝ առանց պետական բյուջեի վրա ֆինանսական ազդեցության։
Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման նպատակը
ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման 6-րդ կետի 1-4-րդ ենթակետերի իրականացումը ներկայումս իրատեսական չէ, քանի որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող վերակառուցման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, ինչը խոչընդոտում է երկու վերակազմակերպված ուսումնական հաստատությունների համատեղ գործունեության բնականոն ընթացքը։
Քաղաքաշինության կոմիտեի կանխատեսումների համաձայն՝ ուսումնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքները կավարտվեն մոտ մեկ ամսվա ընթացքում, սակայն շենքի շահագործման սահմանված կարգով հանձնումը կպահանջի լրացուցիչ ժամանակահատված։
Այս պայմաններում որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հանձնարարությունների կատարման ժամկետի՝ մինչև 2026 թվականի հոկտեմբեր հետաձգումը հնարավորություն կտա ապահովել երկու մասնագիտական ուսումնական հաստատությունների անխափան գործունեությունը՝ հատկապես ուսումնական տարվա ավարտի համատեքստում, ինչպես նաև կերաշխավորի ուսանողների և մանկավարժների շահերի պաշտպանությունը։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել և շահագրգիռ գերատեսչական մարմինների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը նպատակ ունի ապահովել հանրության համար բարձրորակ կրթական ծառայությունների մատուցման պայմաններ, ինչպես նաև կրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական ներուժի համալրում, ինչի արդյունքում կբարձրանա պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետությունը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթության ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի դրույթներին։
Այդ փաստաթղթով նախատեսվում է միավորել և բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների շենքային և գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով իրականացվող կրթական ծրագրերը։
Ֆինանսական հետևանքներ
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնում։