
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Ադրբեջանի հետ «քաղաքացիական տրեկի» հայաստանյան մասնակիցներից մեկը երիտասարդներին ներկայացնում է, թե ադրբեջանցիները իհարկե օգտագործում են «զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը, բայց իրենք ընդունում են Թրիպը:
Հարց է առաջանում, թե ինչու պետք է չընդունեն, եթե իրենք Թիպով են հենց ստացել «զանգեզուրյան միջանցքը»: Մեր հանրությանը ներշնչվում է մի մտայնություն, թե «զանգեզուրյան միջանցքը» մի բան է, իսկ Թրամպի ուղին՝ այլ բան: Ինչու՞ են ներշնչում այդ մտայնությունը: Որպեսզի նաև դրա վրա կառուցեն նենգափոխումը, թե՝ ոչինչ, որ ադրբեջանցիները ասում են «Զանգեզուրի միջանցք», միևնույն է նրանք դրանով պարզապես իրենք իրենց են «խաբում», իսկ իրականում ընդունում են, որ Թրիպ է:
Սրանով, իրականում, կամ այդ մարդիկ իրենք իրենց և հանրությանն են խաբում, կամ խաբում են միայն Հայաստանի հանրությանը: Հանրությանը դե ֆակտո մոլորեցնում են հաստատ, որովհետև Թրամպի ուղին իր բովանդակությամբ հենց այն «զանգեզուրյան միջանցքն» է, որ Հայաստանից պահանջել է Ադրբեջանը: Պահանջել է ու ստացել՝ Միացյալ Նահանգների միջոցով: Թրամպի ուղին համապատասխանում է բոլոր այն պայմաններին, որ Հայաստանին առաջադրել է Ադրբեջանը: Ադրբեջանն է իրականում համարում, թե՝ հայերի համար թող լինի Թրամպի ուղի, իսկ էականը իրենց համար այն է, որ բավարարված են զանգեզուրյան միջանցքի պահանջները, այն է՝ անխոչընդոտ ճանապարհ Հայաստանի տարածքով:
Սա է իրական պատկերը, որի նենգափոխմանը՝ քաղաքականներից բացի, կամա, թե ակամա միանում են փաստորեն նաև «քաղաքացիականները»,- գրում է քաղաքագետը։
«Ներեցեք, բայց ամենից զազրելին այն է (ես ձգտում եմ առավելագույնս խուսափել ադպիսի ձևակերպումներից), որ այդ նույն շրջանակները ինտենսիվ թիրախավորում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն ներկայացնելով իբրև միջանցքի մասին կետ և կազմակերպելով դրա դեմ ինտենսիվ քարոզչական արշավ: Իհարկե ոչ միայն այդ շրջանակները, բայց նաև նրանք:
Հիմա նույն այդ շրջանակները դարձել են Թրամպի ուղու շեփորահարներ: Փաստացի, նույն բովանդակության շեփորահարներ, որ մերժում էին նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դեպքում: Եվ ավելին, այն ժամանակ բովանդակությունը Հայաստանի համար շատ ավելի շահեկան էր, և բոլորովին ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ կար Արցախը և ճանապարհի հարցը զուգահեռ կապակցվում էր Արցախի հետ: Ինքնին միայն այդ հանգամանքը արդեն իսկ մեծ նշանակություն ունեցող հիմնարար հարց էր, բայց անգամ անմիջական բովանդակության առումով 9-րդ կետը ինքնին առավել շահեկան էր, քան Թրամպի ուղին:
Որովհետև, 9-րդ կետը Հայաստանի տարածքի որևէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր, այն էլ օտար երկրի 74 տոկոս բաժնեմասով, այլ ընդամենը Հայաստանի տարածքով ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների «հսկողությունը» ՌԴ սահմանապահ ծառայության միջոցով իրականացնելու մասին: Դա բացարձակապես չէր նշանակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության չեղարկում: Ավելին, 9-րդ կետում խոսք չկար «անխոչընդոտ ճաապարհի» տրամադրման մասին, այլ «անխոչընդոտ փոխադրումների»: Իսկ դրանք բացարձակապես տարբեր բաներ են, էապես տարբեր ռեժիմներ: Եվ 9-րդ կետում հստակ արձանագրվում էր ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ինչը բացակայում է Թրամպի ուղու վերաբերյալ համաձայնագրում:
Եվ ահա, նույն մարդիկ, որոնք այսօր Թրամպի ուղու «սազանդարություն» են անում, քարոզչական արշավ էին ծավալում նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դեմ, որի տապալումը փաստացի բերեց Արցախի հարցում հետպատերազմյան փխրուն կոնստրուկցիայի փլուզման»: