Ունեցել ենք մոտ 30 կանչ. նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է. Արմեն Վարդումյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բյուրեղավանում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել են շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

«Երեկ երեկոյան՝ ժամը 7-8-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները նույնը՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Ուշ երեկոյան նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը շատացել է՝ ունեցել ենք մոտ 30 կանչ, իրավիճակի մասին հայտնել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը:

Բոլոր կազմակերպությունները տեղեկացված են՝ «Վեոլիա ջուր», Արտակարգ իրավիճակների վարչություն։ ՀՎԿԱԿ-ի ծառայությունն առավոտից այստեղ է եղել, տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել․ սպասում ենք պատասխանի:

Նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ։

Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել ջրից կա՛մ չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած»,- հրապարակած տեսանյությում մանրամասնում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը:

Leave a Comment