Դատապարտյալները կպարտավորվեն օրգանիզմում թմրամիջոցների առկայության թեստավորում անցնել

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նածագծի ընդունումը միտված է կարգավորելու դատապարտյալների կողմից որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում անցնելու հետ կապված իրավահարաբերությունները:

Առաջարկվող փոփոխությունները՝

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) իր օրգանիզմում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայությունը պարզելու նպատակով անցնել այդ նյութերի գործածման թեստավորում:»:

1. Դատապարտյալը պարտավոր է՝

  1. կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները.
  2. կատարել և պահպանել պատժի կրման կարգն ու պայմանները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
  3.  կատարել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների օրինական պահանջները.
  4. հարգալից վերաբերմունք դրսևորել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների, այդ հիմնարկ և մարմին այցելող անձանց, ինչպես նաև այլ դատապարտյալների նկատմամբ.
  5. ներկայանալ պատիժ կատարող հիմնարկի ու մարմնի վարչակազմի կանչով.
  6. տալ բացատրություններ պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ.
  7. պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները.
  8. խնամքով վերաբերվել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի գույքին։
  9. իր օրգանիզմում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայությունը պարզելու նպատակով անցնել այդ նյութերի գործածման թեստավորում:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին հոդվածով.

«Հոդված 69.1 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայությունը պարզելու նպատակով թեստավորում անցնելը

  1. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում դատապարտյալը պարտավոր է անցնել այդ նյութերի գործածման թեստավորում:
  2. Այն դատապարտյալը, ով հանցանքը կատարել է թմրամիջոցի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ պարտավոր է վեց ամիսը մեկ անգամ անցնել թեստավորում:
  3. Թեստավորումն անցնելուց հրաժարվելը կամ թեստավորման դրական արդյունքը հաշվի է առնվում դատապարտյալի պատժի կրման անվտանգության գոտին, պատժի կրման պայմանները փոփոխելու և դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում:
  4. Քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման աշխատակցի կողմից թեստավորման արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որի պատճենն անհապաղ հանձվում է դատապարտյալին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Արձանագրությանը կցվում է նաև թեստավորման արդյունքները հավաստող եզրակացությունը:
  5. Թեստավորումը անցնելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են դատապարտյալի կողմից թեստավորումը անցնելուց հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենն անհապաղ հանձվում է դատապարտյալին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
  6. Թեստավորման դրական արդյունքի դեպքում դատապարտյալը, ոչ ուշ քան թեստավորման արդյունքի մասին գրավոր արձանագրությունը ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում, կարող է գրավոր դիմում ներկայացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ սեփական միջոցների հաշվին թեստավորման նպատակով վերցրած նմուշը լրացուցիչ հետազոտության ենթարկելու համար: Լրացուցիչ հետազոտությունը պետք է իրականցվի դատապարտյալի դիմումը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում «խախտումներ են համարվում» բառերից հետո լրացնել «օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները չկատարելը,» բառերը:

Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ են համարվում օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները չկատարելը, զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, միջանձնային ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունը։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Leave a Comment