Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են պայքարը մեդալների համար, օրվա գլխավոր հերոսը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն է։
Հայ ըմբիշը մրցաշարում հիանալի մարզավիճակ է ցուցադրում։ Քառորդ եզրափակչում Աղաջանյանին ընդամենը 1 րոպե պահանջվեց Կոնունովին պարտության մատնելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Եզրափակչի ուղեգրի համար Սուրեն Աղաջանյանը մրցեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Զահիդ Մամադլիի հետ։ Հայ մարզիկը գերվստահ գոտեմարտ անցկացրեց՝ երկրորդ մրցափուլում տուշեով պարտության մատնելով տիտղոսակիր մրցակցին։ Գոտեմարտի դադարեցման պահին Աղաջանյանն արդեն հաղթում էր 8։1 հաշվով։
Սուրեն Աղաջանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտելու իրավունք։ Եզրափակիչը կկայանա ապրիլի 22-ին։