Նրանք դեմ են բոլորին

«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը ներկայացրել է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի իր տասնյակը։ 

1․ Սպարտակ Կյուրեղյան 

2․ Իշխան Գևորգյան 

3․ Նինա Կարապետյանց

Սպարտակ Կյուրեղյանն ավարտել է Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Հիմնադրել է մի շարք հասարակական նախաձեռնություններ՝ Azatazen, Tech Week և այլն։ Իշխան Գևորգյանը Azatazen նախաձեռնության համահիմնադիրներից է։ Ակտիվ մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Նինա Կարապետյանցը իրավապաշտպան է։ «1998-2025 թթ. «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ում անցել եմ կամավորից մինչև կազմակերպության նախագահ ուղին»,- նշել է նա։

4․ Արամ Քոչարյան

5․Միքայել Նահապետյան

6․ Տաթևիկ Քամալյան

Արամ Քոչարյանը ծրագրավորող է։ Միքայել Նահապետյանը «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ է եղել, 2021 թվականին ՔՈ ցուցակով մասնակցում էր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Տաթևիկ Քամալյանը ֆինանսիստ է։ «Բոլորին դեմ եմ»-ին նա միացել է կուսակցության անդամների նկատմամբ վստահության շնորհիվ։

7․ Հայկ Մանասյան

8․ Հովսեփ Ղազարյան

9․ Լիլիթ Մուրադյան 

10․ Արամայիս Պետրոսյան

7-րդ համարը բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն է։ Սոցիալական ցանցի իր էջում նա հաճախ է անդրադառնում երկրի առողջապահության համակարգին։ Հովսեփ Ղազարյանը սովորել է Կառավարման ակադեմիայում, անդամակցել է «Ժառանգություն» կուսակցությանը։ 2021-ին Դավիթ Սանասարյանի հետ հիմնադրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, սակայն մի տարի անց դադարեցրել իր անդամակցությունը իր իսկ ստեղծած կուսակցությանը։ Լիլիթ Մուրադյանը տնտեսագետ է, կառավարման մասնագետ։ Արամայիս Պետրոսյանը սովորել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, աշխատում է որպես տեխնիկական աջակցման բաժնի մասնագետ։ 

Ընտրվելու դեպքում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը  խոստանում է օրենսդրական մի քանի փոփոխություն առաջին 100 օրվա ընթացքում՝

Կայուն մեծամասնության չեղարկում,

1% անցողիկ շեմի սահմանում,

«Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

Դրանից հետո, ըստ իրենց հռչակագրի, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեն ու լուծարվեն։

Լուսանկարը՝ կուսակցության ՖԲ էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment