Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակով է նշանավորել իր առաջին մենամարտը հայաստանյան խառը մենամարտերի (MMA) ասպարեզում:
Երևանում առաջին անգամ կազմակերպված «Armat Fight Show» մրցաշարի շրջանակներում հայ մարզիկն ուժերը չափել է Ռուսաստանի և Տաջիկստանի չեմպիոն Մագոմեդռասուլ Հասանովի հետ և երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ պարտության մատնել մրցակցին:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն իր նախորդ պրոֆեսիոնալ մենամարտում ևս հաղթանակ էր գրանցել։ Այս տարվա փետրվարին Լոս Անջելեսում կայացած «UpNextFighting 30» մրցաշարի 66,5 կգ քաշային կարգում նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտության էր մատնել ամերիկացի Շեյն Տորեսին: