Վարչական դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցը և ՀՀ կառավարությանն արգելել մինչև մայիսի 25-ը իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օտարման գործընթաց, Armenia Today-ին հայտնել է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ հայցով պահանջել էին արգելել ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացը, քանի որ ընկերության և գործադիրի միջև բանակցությունների՝ օրենքով սահմանված եռամսյա ժամկետն ավարտվում է մայիսի 25-ին։
Ալոյանը նշել է, որ դատարանը նախ կիրառել էր հայցի ապահովում, իսկ այնուհետև կայացրել վճիռ՝ ֆիքսելով այդ արգելքը։
Ալոյանը բացատրել է հայցի նախապատմությունը։ Ըստ նրա՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փետրվարի 25-ին էլեկտրոնային հասցեով նամակ էր ուղարկել՝ պահանջելով մինչև փետրվարի 21-ը պատասխանել գնային առաջարկին, ինչը փաստաբանը որակել է որպես ժամանակագրական անհնարինություն։
«Նամակում նաև նշված էր, որ պատասխան չստանալու դեպքում այն կհամարվի մերժում և կսկսվի սեփականության իրավունքի փոխանցման գործընթաց՝ որպես հանրային գերակա շահ»,- շեշտել է Ալոյանը։
Փետրվարի 25-ին նամակը ստացել ենք, բայց պատասխան նամակ ենք ուղարկել՝ ասելով, որ չենք կարող ժամանակի մեքենա հորինել, հետ գնալ և իրենց փետրվարի 21-ով պատասխանել, հավելել է փաստաբանը
«Փետրվարի 25-ից մինչև մայիսի 25-ը բանակցությունների ժամկետն է։ Միայն դրանից հետո, եթե արդյունք չլինի, կարող է սկսվել հանրային գերակա շահի հիմքով օտարումը»,- պարզաբանել է նա։
«Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչը հիշեցրել է նաև ընկերության գործով միջազգային արբիտրաժի առկայությունը։ Ըստ նրա՝ կառավարությունը ՀԷՑ-ի շուրջ որևէ գործողություն, այդ թվում՝ լիցենզիայից զրկելու իրավունք չուներ։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։
