Ինչպե՞ս կանխել արտակարգ պատահարները Նուբարաշենի աղբավայրում

Երկու օր առաջ Նուբարաշենի աղբավայրում արտակարգ պատահար էր տեղի ունեցել՝ պայթել էր սանհանգույցում կուտակված բիոգազը։ Վնասվածքներ ստացած երկու աշխատակիցներ տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանց վիճակն այսօր առավոտվա տվյալներով բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի մանրամասները քննարկվել են նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Երևանին ոչ թե նոր աղբավայր է պետք, այլ աղբի վերամշակման նոր գործարան՝ մոտ երկու շաբաթ առաջ հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ։ Մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես կլանի Երևան քաղաքի ու մերձակա մարզերի աղբը»։

Այս հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց՝ ապրիլի 18–ին ժամը 18–ի սահմաններում Նուբարաշենի աղբավայրի տարածքում արտակարգ պատահար տեղի ունեցավ։ Վնասվածքներ ստացան աղբավայրի երկու աշխատակից: Դեպքի մանրամասները ներկայացնում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի տեղակալ Աննիկ Դանիելյանը․

«Սանհանգույցում, որտեղից արտառոց օդ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել` ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել է, և պայթյունը տեղի է ունեցել»։

Ապրիլի 20-ի դրությամբ տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց փոքր, դրական դինամիկա կա։ 15 % ախտահարում է՝ մաշկի և ձեռքերի, դեմքի շրջանում։ Կարևորը` շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են, այս պահին կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով»։

Պարզվում է՝ սանհանգույցի հատվածում կոյուղագծերով բիոգազ է կուտակվել, որն էլ պայթել է լույսը վառելուն պես։ Վտանգավոր միջավայր է, պետք է անվտանգության կանոնները պահպանվեն՝ արձանագրում է Երևանի քաղաքապետը։

«Ամբողջական մոնիթորինգ պետք է անցկացնենք աղբավայրում, բոլոր հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա։ Իհարկե, շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի։ Սա կարող էր լինել նաև զոհերով, բավականին վտանգավոր միջավայր է և պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի։ Բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ, անվտանգության ամենաբարձր կանոնները պետք է պահպանվեն»։

Քննչական կոմիտեն Նուբարաշեն աղբավայրում պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնել՝  Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ի դեպ՝ աղբավայրում պարբերաբար արտակարգ իրավիճակներ են ստեղծվում։ Միայն անցած տարվա օգոստոս և հոկտեմբեր ամիսներին այստեղ երկու խոշոր հրդեհ էր բռնկվել։  

Leave a Comment