Գործազուրկների համար նոր ծրագիր՝ անվճար թվային գրագիտության դասընթացներ և 50,000 դրամ վաուչեր

Գործազուրկ անձանց աջակցության ծրագրերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։ Իրավաբան.net-ը ուսումնասիրել է e-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագիծը՝ գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագրի մասին։

Ծրագրի նպատակը

Նախագծի համաձայն՝ ծրագրի նպատակն է ապահովել գործազուրկ անձանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության, հաղորդակցման և համագործակցության կարողությունների զարգացմանը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործիքների կիրառման
միջոցով։

Ո՞վ կարող է մասնակցել

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուներն են գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք։

Դասընթացի տևողությունը և ձևաչափը

Նախագծի համաձայն՝ դասընթացների տևողությունը կազմում է 24 ակադեմիական ժամ։ Դասընթացներն անցկացվում են 6 շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 2 օր, օրական
2 ժամ տևողությամբ՝ հիբրիդ (առկա և առցանց) ձևաչափով։

Դասընթացի բովանդակությունը

Նախագծի համաձայն՝ դասընթացի բովանդակությունը ներառում է՝

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներ
Կիբերանվտանգության հիմունքներ, թվային անվտանգություն և էթիկա
Ամպային տեխնոլոգիաներ և Google ծառայություններ
Microsoft Office ծրագրերի կիրառություն
Էլեկտրոնային փոստի կիրառում

Գնահատում և վաուչեր

Նախագծի համաձայն՝ դասընթացի ավարտին իրականացվում է ամփոփիչ գնահատում (թեստավորում), որի անցողիկ շեմը (թեստային առաջադրանքների առնվազն 80%-ը) հաղթահարած մասնակիցները ստանում են վկայական և 50,000 դրամի չափով վաուչեր։

Վաուչերը կարող է իրացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթա­կան մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակեր­պությունների կողմից։

Ե՞րբ է ուժի մեջ մտնում

Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

Քննարկման ժամկետ

Նախագիծը հանրային քննարկման վրա է 2026 թվականի ապրիլի 16-ից մայիսի 4-ը, – տեղեկացնում է Իրավաբան.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment