Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ բանագնացները վաղը կլինեն Պակիստանում

Ամերիկյան բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա չի հստակեցրել, սակայն, թե ո՞վ կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը։ Նախորդ շաբաթավերջի բանակցություններում Վաշինգտոնը ներկայացնում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դրանք հաջողությամբ չպսակվեցին։

«Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում, – սոցցանցում գրել է Սպիտակ տան առաջնորդը՝ նաև սպառնալով, – հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»։

Նա հավելել է, որ գործարքի չհասնելու դեպքում իր համար «մեծ պատիվ կլինի անել այն, ինչ պետք է արվեր Իրանի հետ վերջին 47 տարիներին՝ նախորդ նախագահների կողմից»:

Նախագահ Թրամփը նաև մեղադրել է Իրանին նախօրեին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար՝ դա «հրադադարի համաձայնության բացարձակ խախտում» որակելով։

Թրամփի խոսքով՝ Իրանի զինուժը մասնավորապես թիրախավորել է մեկ ֆրանսիական և մեկ բրիտանական նավ։ «Լավ բան չեն արել, չէ՞», – գրել է նա։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Իրանի կողմից համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղի Հորմուզի նեղուցը վերստին փակելու որոշմանը։

«Դա տարօրինակ է, որովհետև մեր շրջափակումն արդեն իսկ փակել է նեղուցը։ Առանց հասկանալու օգնում են մեզ։ Արդյունքում՝ նրանք են տուժում՝ կորցնելով օրական 500 միլիոն դոլար։ Միացյալ Նահանգները ոչինչ էլ չի կորցնում», – ասել է Թրամփը։

Նա գրառումը եզրափակել է՝ հայտարարելով․ «Ժամանակն է վերջ դնել Իրանի սպանության մեքենային»։

Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց «դեռևս կան նաև տարաձայնություններ»։

ԱԳ նախարարի տեղակալ Սաեդ Խաթիբզադեն էլ իր հերթին հետագա բանակցությունները կապել էր «ըմբռնման շրջանակի» համաձայնեցման հետ։

Առնչվող թեմաներ

Leave a Comment