Բեյրութում կրակահերթեր են հրադադարի կապակցությամբ
Անցած կեսգիշերին Լիբանանի մայրաքաղաքում՝ փողոցներում, պատուհաններից, պատշգամբներից հնչել են երկար կրակահերթեր:
Այդպես են բազմաչարչար Բեյրութի բնակիչներն արձագանքել Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադար հաստատելու լուրին: Այն ձեռք է բերվել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
Դա երկու երկրների պաշտոնյաների առաջին հանդիպումն էր անցած մի քանի տասնամյակների ընթացքում: Լիբանանում ապաստանած և Իրանից աջակցություն ստացող «Հըզբոլահ»-ի և Իսրայելի բանակի միջև ռազմական առճակատումն Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սկսված պատերազմի մի մասն է:
Ապրիլի 8-ին ԱՄՆ և Իրանը հրադադար են կնքել, սակայն Լիբանանում ռազմական գործողությունները շարունակվել են մինչև երեկ կեսգիշեր:
Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 2 հազար 200 լիբանանցի: Ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելին սահմանակցող Լիբանանի հարավային շրջաններում, որտեղ «Հըզբոլլահ»-ն ուներ հզոր հենակետեր, ինչպես նաև մայրաքաղաք Բեյրությում համատարած ավերածություններ են:
Տեղահանվածները սկսել են վերադառնալ: Շատերը պնդում են, որ միևնույն է սատարում են արդարության համար պայքարող «Հըզբոլլահ»-ին:
Տեղահանվածները երազում վերադարձի մասին
Այդ զինյալ կառույցի մարտիկներն, ինչպես նաև Լիբանանի բանակի հրամանատարները մարդկանց հորդորում են չմտնել ռմբահարումներից վնասված շենքեր: Բայց բնակիչները երազում են իրենց տներ վերադառնալու մասին:
Զայնաբ Դահերն ապրում է Բեյրութի հարավում գտնվող Դահիյեհ անվամբ թաղամասում:
«Աստծո կամոք, եթե հրադադարը մտնի ուժի մեջ, մենք կկարողանանք առավոտյան հասնել Դահիյեհ»,- ասել է Դահերը:
Իբրահիմ Մահդին էլ է այդ ուղղությամբ շարժվում: Նրա խոսքով, տեղահանվածները երկրի հարավային մյուս հատվածներից էլ ավելի վատ վիճակում են:
«Իհարկե ուզում ենք վերադառնալ Դահիյեհ, Բեքաայի շրջանի մարդկանց համար ավելի դժվար է, իսկ մենք կկարողանանք այնտեղ հասնեն, վրան տեղադրել ու մնալ»,- ասել է Մահդին:
«Այդ տարբերությունը ես եմ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտությամբ նշում է, որ Իսրայելի և Լիբանանի հրադադարը կարող է անվանել իր ջանքերով դադարեցված թվով արդեն 10-րդ պատերազմը:
Լրագորողների հետ զրույցում նա ասել է, որ շատ ոգևորված է և ակնկալում է, որ կողմերը կհասնեն համաձայնության:
«Կարծում եմ, գործարքը կստացվի, առաջին անգամ 44 տարում հանդիպում են Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները, և դա կլինի Սպիտակ տանը»,- ասել է Թրամփը:
Լրագրողներից մեկն ասել է, որ Իսրայելն ու Լիբանանը բազմիցս փորձել են խաղաղություն հաստատել, այս անգամ ի՞նչ տարբերություն կա։
«Ես եմ, մեծ տարբերություն է, այդ տարբերությունը ես եմ»,- արձագանքել է ԱՄՆ ղեկավարը։
Գրեթե ութ տասնամյակների առճակատում
Լիբանանը և Իսրայելը տեխնիկապես դեռ պատերազմի մեջ են, որը մեկնարկել է հենց Իսրայելի հիմնադրման տարում՝ 1948 թվականին:
Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը ծանրագույն պառակտում է առաջացրել Լիբանանի քաղաքական շրջանակներում և ամբողջ հանրությունում: