Յութուբի մոնետիզացիայի իրական պատկերը․ սպասելիքներ և իրականություն

Յութուբի մոնետիզացիայի հնարավորությունը ստանալուց հետո այս վիդեոհարթակն արդեն շատ անհատների ու կազմակերպությունների համար համար դարձել է եկամտի բավականին կայուն աղբյուր։ Ինչպես է աշխատում այս համակարգը, ինչ պայմաններ ու գործոններ են ազդում եկամտի վրա, և ինչ քայլերով կարելի է հասնել արդյունքի։  

Թվային բովանդակություն ստեղծելն այսօր արդեն նաև Հայաստանում է շատերի համար դարձել եկամտի աղբյուր, իսկ յութուբն՝ այդ հնարավորությունն ապահովող գլխավոր հարթակներից մեկը։ Յութուբում մոնետիզացիայի միջոցով եկամուտ ստանալու այդ հնարավորությունը շարունակում է ակտիվ քննարկման թեմա մնալ, թեև դրա հնարավորությունը ստանալու հետ մեկտեղ այս հարթակի՝ գովազդով ողողվելը շատերը նյարդայնացնող են համարում։

Չնայած տարածված կարծիքին, թե միայն տեսանյութ հրապարակելն արդեն բավարար է ու կարող է արագ եկամուտ ապահովել, մասնագետները շեշտում են՝ իրականում այս գործընթացը շատ ավելի բարդ է և պահանջում է ժամանակ ու հետևողական աշխատանք։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է․

«Յութուբը գովազդային հարթակ էինչպես հեռուստատեսությունում հաղորդումների ընթացքում ցուցադրվող գովազդից են հեռուստաընկերությունները եկամուտ ստանում, նույն սկզբունքն է գործում նաև այստեղ։ Տարբերությունն այն է, որ Յութուբը գովազդից ստացված եկամուտը կիսում է բովանդակություն ստեղծողի հետեթե ունեք ալիք և հրապարակում եք տեսանյութ, որի ընթացքում ցուցադրվում է գովազդ, այդ եկամուտի մի մասը փոխանցվում է ձեզ»։

Թվային բովանդակության մոնետիզացիայի մասնագետ Ռաֆայել Աբգարյանը բացատրում է՝ ալիքի մոնետիզացիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է բավարարել հստակ պայմաններ․

«Յութուբում կոնտենտը մոնիտիզացնելու համար կա 2 կրիտերիա, առաջինը՝ «ոչ պակաս, քան 1000 մարդ ունենալ ալիքում, 1000 բաժանորդագրություն», և 2-րդ՝ 4000 ժ «վիդեոների դիտում վերջին 1 տարում կամ վերջին 90 օրում 10 միլիոն դիտում՝ շորթերի»։

Մասնագետները նշում են, որ ակնկալիքներն այս ոլորտում հաճախ չափազանցված են։ Շատերը պատկերացնում են արագ և մեծ եկամուտ, մինչդեռ իրականությունը կախված է նաև շուկայի հնարավորություններից։

Սամվել Մարտիրոսյան․ «Հիմնական խնդիրներից մեկը չափազանց բարձր սպասելիքներն են․ շատերը կարծում են, թե մոնետիզացիան միացնելուն պես կարող են արագ մեծ եկամուտներ ստանալ։ Սակայն  իրականությունն այն է, որ Հայաստանի գովազդային շուկան սահմանափակ է, մինչդեռ ալիքների թիվը շարունակաբար աճում է։ Մարդիկ, լսելով մոնետիզացիայի հնարավորության մասին, ակնկալում են արագ հարստանալ, բայց այս պայմաններում դա միշտ չէ, որ իրատեսական Է»։

Մասնագետների գնահատմամբ՝ տեսանյութերի առաջխաղացման համար կարևոր են մի շարք գործոններ, օրինակ՝ գրավիչ վերնագիր, մանրամասն նկարագրություն, ինչպես նաև մեկնաբանությունների, հավանումների և տարածումների տեսքով ակտիվություն։ Առանց այս բաղադրիչների նույնիսկ որակյալ բովանդակությունը կարող է չհասնել լայն լսարանի։ Միաժամանակ, պետք է շարունակ աչքը նոր զարգացումներին պահել․ հարթակը պարբերաբար փոփոխվում է, ալգորիթմները շարունակաբար զարգանում են։

Մոնետիզացիայի մասնագետ Ռաֆայել Աբգարյան․ «Թե որքան եկամուտ կգեներացվի՝ կախված է մի շարք գործոններից։ Առաջինը տեսանյութի տևողությունն է, երկրորդը՝ դիտումների աշխարհագրությունը, ինչպես նաև՝ բովանդակության ձևաչափը՝ սովորական տեսանյո՞ւթ է, թե՞ շորթ։ Կան բազմաթիվ այլ գործոններ ևս, որոնք ազդում են եկամտի վրա, և դրանցից յուրաքանչյուրն իր դերն ունի։ Օրինակ՝ նույն քանակությամբ դիտումների դեպքում տարբեր երկրներից ստացվող եկամուտը կարող է զգալիորեն տարբեր լինել․ եվրոպական կամ ամերիկյան լսարանի դեպքում այն սովորաբար ավելի բարձր է, քան մեր տարածաշրջանում։ Հետևաբար, հստակ կամ նույնիսկ միջին թիվ նշել գրեթե անհնար է»։

Յութուբում մոնետիզացիան եկամուտ ստանալու իրական հնարավորություն է, բայց ոչ արագ և հեշտ ճանապարհ։ Այն պահանջում է ժամանակ, կանոնների խիստ պահպանում և որակյալ բովանդակության շարունակական ստեղծում։ Մասնագետները հիշեցնում են՝ արագ արդյունքի հետևից գնալը հաճախ բերում է սխալների, որոնք կարող են ոչ միայն դանդաղեցնել աճը, այլև վտանգել ամբողջ ալիքի հետագա զարգացումը։

Leave a Comment