ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում





 


Տիկի՛ն նախագահող,


 


Ձե՛րդ գերազանցություններ,


 


Հարգելի՛ գործընկերներ,


 


Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,  


 


Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:  


 


Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:


 


Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:


 


Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է: 


 


Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:


 


Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:


  


2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: 


 


Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:


 


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները: 


 


Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ: 


 


Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:


 


Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն: 


 


Հարգելի՛ գործընկերներ, 


 


Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն:


 


 


Շնորհակալություն:


 


 


Leave a Comment