Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված համերգաշար մարզերում

2026 թվականը Հայաստանի հանրային ռադիոընկերության համար հոբելյանական տարի է, նշվում է Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակը։ «Մեկ դար եթերում» խորագրով միջոցառումների ցանկում նախատեսվում են համերգներ 4 մարզերի 8 համայնքների համերգասրահներում Հանրային ռադիոյի երաժշտական համույթների կատարմամբ։

Համերգների ընթացքում կներկայացնենք ռադիոյի կենդանի երաժշտական ժառանգությունը, հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու դասական, էստրադային երաժշտություն, ժողովրդական, ազգագրական, աշուղական երգեր, հին ու սիրված երգեր ռադիոարխիվի ոսկե էջերից և մանկական երաժշտական ծրագիր՝ միավորելով տարբեր տարիքի երաժշտության սիրահարներին մեկ գաղափարի շուրջ։   

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան։ Գրեթե 50 տարի սիրով, մեծ ոգևորությամբ և եռանդով հարյուրավոր երեխաներ են հաճախել «Արևիկ»։ Անսամբլն ամեն տարի տասնյակ ելույթներ է ունենում մայրաքաղաքում և մարզերում։ Շրջագայել է նաև Միացյալ Նահագներում, մասնակցել Մանկական Եվրատեսիլ մրցույթին։ 100 ամյակի շրջանակում նախատեսվում է 2 համերգ Լոռու մարզում․

02.06.2026թ՝ Սպիտակ համայնքի Մշակույթի պալատ։

09.06.2026թ՝ Ստեփանավան համայնքի Մշակույթի պալատ։

Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, դիրիժոր,  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝  Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան։ Անսամբլը ղեկավարել են կարկառուն անուններ՝ Մելիք Մավիսակալյան, Ստեփան Շաքարյան։ Արտեմի ԱյվազյանիԱռնո ԲաբաջանյանիԱլեքսանդր ԱճեմյանիԷդվարդ ԲաղդասարյանիԱլեքսեյ Հեքիմյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երկերը տասնամյակներ շարունակ պարգևել են բարձրաճաշակ համերգներ Հայաստանում և ԱՊՀ երկրներում։ 100 ամյակի շրջանակում նախատեսվում է 2 համերգ Սյունիքի մարզում։

13.06.2026թ՝  Մեղրի համայնքի Մշակույթի տուն։

14.06.2026թ՝ Սիսիան համայնքի Մշակույթի կենտրոն։

Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան։ Տարին հոբելյանական է նաև Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի համար, այն ևս հիմնադրվել է 1926 թվականին։ Անսամբլը ղեկավարել են Արամ Մերնագուլյանը, Ստեփան Ջրբաշյանը, Արմեն Մանդակունյանը, Մանվել Բեգլարյանը։ Հայ և օտարերկյա հանդիսատեսը միշտ բարձր է գնահատել անսամբլի համերգները, որոնք մշտապես անցել են լեփ-լեցուն դահլիճներում։ 100 ամյակի շրջանակում նախատեսվում են համերգներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

19.06.2026թ՝  Բերդ համայնքի Մշակույթի տուն։  

20.06.2026թ՝ Վարդենիս համայնքի Մշակույթի պալատ։

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Թովմաս Պողոսյան։  Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող անսամբլը ստեղծել է Շարա Տալյանը, հետագայում այն ղեկավարել են Վաղարշակ Սահակյանը։ Որոշակի դադարից հետո Թովմաս Պողոսյանը վերստեղծել և մինչև օրս ղեկավարում է անսամբլը։ Տարբեր ժամանակների ստեղծագործող աշուղների և փերիահայ աշուղների հարյուրավոր երգերով անսամբլը հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի տարբեր բնակավայրերում` Ռուսաստան, Վրաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, ԱՄՆ և այլուր։100 ամյակի շրջանակում նախատեսվում են համերգներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

26.06.2026թ ՝ Բերդավան համայնքի գեղագիտական կենտրոն։  

27.06.2026թ՝ Մարտունի համայնքի մշակույթի տուն։   

Համերգները կվարեն Հանրային ռադիոյի սիրված հաղորդավարներ Լուսինե Մուրադյանը և Տիգրան  Հարությունյանը։

Leave a Comment