Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադար հաստատելու հարցում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադար հաստատելու հարցում:

Հրադադարն ուժի մեջ է մտնում այսօր՝ ապրիլի 16-ին:

Թրամփը նշել է, որ «գերազանց» հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ:

«Երկու առաջնորդները պայմանավորվեցին, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար պաշտոնապես կհայտարարեն 10-օրյա հրադադար», — ասել է Թրամփը։

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում ավելի քան երեսուն տարվա ընդմիջումից հետո տեղի էին ունեցել իսրայելցի և լիբանանցի դիվանագետների միջև ուղիղ բանակցություններ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն գնահատել էր որպես «պատմական հնարավորություն»։

Կողմերը համաձայնել էին շարունակել բանակցությունները, Լիբանանը՝ հրադադարի, իսկ Իսրայելը «Հեզբոլլահին» զինաթափվելու կոչ էր արել։

Լիբանանը և Իսրայելը պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում, և այդ երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։

Լիբանանը պաշտոնապես չի ճանաչում Իսրայել պետությունը։

Leave a Comment