Թրամփ. Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

Նա ասել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար ժամը 17:00-ին  ԱՄՆ արևելյան ժամանակով», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։

Թրամփը նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ նպասետել է «աշխարհում ինը պատերազմների» ավարտին։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը կլինի այս տեսակի տասներորդ նվաճումը։

Leave a Comment