Վերջին մեկուկես ամսում Հայաստանի իրավապահ մարմինները Ռուսաստանից Հայաստան կանխիկ գումարի անօրինական ներհոսքի ինը դեպք են բացահայտել։ Վերջինը օրեր առաջ էր, երբ անձը փորձել էր սպորտային պայուսակով 47,5 մլն ռուբլի ներմուծել։ Մինչև այդ նաև ավելի խոշոր գումարի բացահայտում էր եղել։ Իրավապահ համակարգը և իշխանությունը հաճախակի դարձած այս դեպքերում հստակ նպատակ են տեսնում և որոշ դեպքերում այս իրավախախտումը կապում են Հայաստանում ընտրական գործընթացների հետ։ Կոնկրետ ի՞նչ մտավախություններ ունեն իշխանությունները, ի՞նչ նպատակներով կարելի է ծախսել Հայաստան ապօրինաբար ներմուծված գումարը, և ի՞նչ պետք է իմանա այս ամենի մասին ՀՀ քաղաքացին։
Իրավական տերմինաբանությամբ՝ «կանխիկի անօրինական ներհոսք», իսկ քաղաքական բառապաշարով՝ «սև փողերի շրջանառություն»։ Զարտուղի ճանապարհով կանխիկ գումարի ներմուծումը տարբեր նպատակներ կարող է ունենալ, բայց վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան կանխիկ գումար ներմուծելու փորձերի առնչությամբ գերակշռում է քաղաքական վտանգի հավանականությունը։
Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում կանխվեց մոտ 0,5 մլն դոլարի կամ 208 մլն դրամի համարժեք 47,5 մլն ռուբլու անօրինական մուտքը ՌԴ–ից։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այդ դեպքը կապեց քաղաքական իրադարձությունների հետ․
«Ցանկացած շրջանառություն կանխիկի, որը չի հայտարարագրվում, ցանկացած պետության համար մտահոգիչ է։ Որովհետև իր մեջ պարունակում է խորշեր, որ պետք է բացահայտվեն։ Ես կարծում եմ, որ մեր իրավապահները բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են՝ սահմանափակելու «սև փողերի» մուտքը Հայաստանի տնտեսություն և Հայաստանի քաղաքական դաշտ»։
ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը կանխատեսում է, որ նախընտրական շրջանում Հայաստան սև փողեր ներմուծելու փորձերը շատանալու են։
Քանի որ օրեր առաջ կանխվել էր ռուսական ռուբլու ներմուծումը, Աբրահամյանն իր կանխատեսումն անում է՝ Մոլդովայի ընտրությունների օրինակը հաշվի առնելով․
«Մոլդովայում 2024 թվականի նախագահական ընտրություններում և մեկ ամիս հետո ԵՄ–ին միանալու հանրաքվեի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 39 մլն դոլար միայն ծախսվել է ընտրակաշառքի վրա։ Սա այն մոտավոր թիվն է, որը հնարավոր է դարձել իրավապահ մարմինների կողմից բացահայտել՝ մոտավորապես, հազարավոր ձերբակալությունների և հազարավոր խուզարկությունների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, 130 հզր անձ ներգրավված է եղել ընտրակաշառքի այդ պրոցեսում։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի երկարաժամկետ դիտորդների զեկույցով պարզվում էր, որ մոտավոր ընդհանուր առմամբ 300 հազարից ավելի անձ է ներգրավվել այս ընտրակաշառքային ամբողջ պրոցեսում։ Այսինքն՝ հասկանում ենք, որ սա մասշտաբային է լինելու, որովհետև նույն տեղից է պատվերը եկել և գալիս, նույն պետությունն է, մեծ հաշվով, այս գործողությունները իրականացնում, նույն իրականացնողն է, իմպլիմենտատորն է՝ Կիրիենկոն է սրա գլխին կանգնած և այլն, և այլն»։
Իրավապահներն ասում են, որ վերջին մեկուկես ամսում կանխիկի անօրինական ներհոսքի ինը դեպք է բացահայտվել։ 2026 թ. մարտին բացահայտվել է օդային ճանապարհով 113 մլն ռուբլու անօրինական ներկրման սխեմա: Միայն այդ ամսվա դրությամբ հայտնի տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել շուրջ 59,5 մլն դոլարին համարժեք կանխիկ գումար, որի զգալի մասը ԵԱՏՄ անդամ երկրներից է, հիմնականում Ռուսաստանից:
Քաղաքական վտանգի մասին խոսողները համոզված են, որ, այսպես կոչված, սև փողերը, որպես կանոն, օգտագործվելու են ընտրակաշառքի և ապատեղեկատվության համար։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը սոցցանցում գրել է․
«Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են Բայց դա քիչ է: Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով… Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է»:
ԸՕ–ն և վերահսկողական այլ մեխանիզմներ դեռ բացեր ունեն կուսակցությունների ֆինանսավորման ճշգրիտ պատկերը ստանալու համար, բայց փոխանցումների դեպքում պատկերն ավելի թափանցիկ է դառնում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բացառում է, որ առաջիկա ընտրություններում ընտրակաշառքն էական գործոն դառնա։
«Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, Հայաստանում ընտրակեղծարարությանէջըփակված է, և ով կփորձի այդ ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին, ինչը որ մենք տեսնում ենք»։
Պատգամավորն ակնարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Այս անգամ իրավապահները բերման էին ենթարկել քաղաքական այդ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Արտաշատի գրասենյակի թիմակիցներին և աջակիցներին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը մինչդեռ իրադարձությունների այլ վարկած է ներկայացնում․
«Թիվը փաստորեն ավելանում է։ Նախ 9 էր, հետո` 11, հիմա արդեն 15 անձ բերման է ենթարկվել։ Էլի մեղադրանքը նույնն է` իբրև թե բարեգործական գործունեության արգելքը։ Սա արդեն ձեռագիր է։ Մենք արդեն կարող ենք հստակ ասել, որ իշխանությունը նպատակ ունի նմանատիպ գործողություններով փորձել իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործական գործունեության արգելքի միջոցով փորձում է հակաօրինական գործողություններ իրականացնել։ Այս շինծու քրեական գործերը մեկնպատակ են հետապնդում․իրավապահ գործիքակազմով փորձել իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»–ը ևսաարդեն պարզ է»։
Վերջին օրերին հաճախակի հիշեցումներ են արվում, որ ընտրակաշառքը Հայաստանում քրեականացվել է։ Գայանե Աբրահամյանը կարևոր է համարում, որ այս հարցում հանրությունը իրազեկված լինի․
«Միայն կանխիկ ֆինանսական միջոցըչէ, որ կարող է համարվել ընտրակաշառք։ Կրիպտոարժույթներն են․նույն Մոլդովայում շատ ավելի կիրառվել է կրիպտոարժույթը, որպեսզի հնարավորինս ավելի բարդ դառնա դրա հայտնաբերումը։ Գումարային այլ արժեքներ` գույք, ուսման վարձի վճարի խոստում կամ հենց ուսման վարձի փոխհատուցում։ Պարտքերի փոխհատուցում։Պարտքեր փակելու պրակտիկան մեզանում շատ ավելի տարածված էր, բայց սա ևս կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք։Այսինքն` այն խոստումը, որ դու գնա խանութից այսինչը վերցրու, հետո մենք այդ պարտքը կփակենք, կամ շատ ավելի վտանգավոր մի իրավիճակ է, որ օրինակ, կազինոյի պարտքերը մարելու խոստում տան՝ մարդկանց այդ դժվար իրավիճակը օգտագործելով։ Այդ դեպքում նրան ևսկարող են այս հանցագործության մեջ ներգրավել և շատ ավելի ծանրացնել իրավիճակը․մի խնդրից դուրս գան, մեկայլ քրեաիրավական խնդրի մեջ հայտնվեն»։
Հայաստանում ընտրակաշառք տալու պատիժը դարձել է մինչև 10 տարվա ազատազրկում Քրեական օրենսգրքի 2021 թվականի փոփոխություններով: Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնողին, ապա, ըստ գործող օրենսդրության, նախատեսված են հետևյալ պատիժները.
- Տուգանք՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ
- Հանրային աշխատանքներ՝ 100- 200 ժամ
- Ազատազրկում՝ 1-3 տարի
Իսկ արդյո՞ք կառավարող ուժին հաջողվում է զերծ մնալ բարեգործությունից, վարչական ռեսուրս օգտագործելուց, երբ վարչապետը հաճախակի մեկնում է տարբեր մարզեր և շփվում քաղաքացիների հետ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ մարզային այցելությունների ժամանակ իրենց ուժը չի խախտում բարեգործության արգելքը․
«Վարչապետին բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում տարբեր հարցերով, և վարչապետը շատ ուղիղ պատասխանում է, և մենք էլ, ես էլ հիմա պետք է ասեմ, որ՝ սիրելի հայրենակիցներ, այս պահին գործում է բարեգործության վերաբերյալ արգելք և մենք որևէ մեկին որևէ խոստում չենք տվել, չենք կարող տալ և չենք տալու։ Մեր խոստումները ամփոփված են կառավարության ծրագրում, դրանք իրականացվում են այս փուլում, մինչև ընտրությունները իրականացվելու են։ Դրանք որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես բարեգործության խախտումներ։ Առանձին անհատական խոստումներ հնարավոր չի տալ, հնարավոր չի առանձին մարդկանց խնդիրները լուծել այս փուլում, որովհետև դրանք օրենքի խախտումներ են»։
Ամեն դեպքում քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանի ԸՕ–ն դեռ անկատար է, ուստի նոր փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Մասնավորապես՝ Գայանե Աբրահամյանը վկայակոչում է բազմաթիվ երկրներ, որտեղ արգելված է ընտրություններից վեց ամիս կամ մեկ տարի առաջ աշխատավարձերի կամ կենսաթոշակների փոփոխությունը կամ նման այլ գործողություններ։ Հայաստանի դեպքում ևս այս հարցը օրակարգային է դառնում՝ ասում է հանրային գործիչը։