Պարարտանյութի միջազգային շուկայում ճգնաժամը խորանում է․ ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղատնտեսներին

Պարենի համաշխարհային գները հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին, և դա կարող է շարունակվել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը չդադարի։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ Միջազգային այդ կառույցն ընգծում է, որ եթե մուտքային ծախսերը (օրինակ՝ պարարտանյութերի համար) մնան բարձր, ֆերմերները կարող են կրճատել ներդրումները, փոքրացնել ցանքատարածությունները կամ անցնել ավելի քիչ պարարտանյութ պահանջող մշակաբույսերի։ Գնաճն արդեն նկատելի է․ օրինակ՝ հացահատիկը թանկացել է 1,5 %-ով։ Շաքարը, խոզի միսը, թռնչամիսը ևս թանկացել են։ Հաշվի առնելով պարարտանյութի շուկայի գնային տատանումները՝ Հայաստանի կառավարությունը կաջակցի հողօգտագործողներին։

Համաշխարհային շուկաներում պարարտանյութերը շարունակում են թանկանալ, այնքան, որ ֆերմերները արդեն անհանգստանում են։ Մտահոգություններն ունեն հիմնավոր պատճառներ։ Մերձավոր Արևելքն ապահովում է պարարտանյութերի համաշխարհային պահանջարկի մոտ 40 %-ը։ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի առևտրային նավթի, հեղուկացված գազի և պարարտանյութերի զգալի մասը։ Այստեղ լարվածության յուրաքանչյուր աճ կարող է ճնշում գործադրել ոչ միայն էներգետիկ ծախսերի, այլև ծովային բեռնափոխադրումների և բեռների ապահովագրության վրա, որոնք, վերջին հաշվով, ազդում են փոխադրվող ապրանքի արժեքի վրա։ Ամերիկացի ֆերմերներն արդեն զգում են ազդեցությունը․

«Ես Լենս Լիլիբրիջն եմ Այովայի Բենտոն շրջանից։ Մենք մեր պարարտանյութի մեծ մասը պատվիրել էինք Իրանի հետ հակամարտությունից առաջ։ Սակայն, անհրաժեշտ պարարտանյութի մեծ մասը արդեն չենք կարողանում պատվիրել, քանի որ այն չափազանց թանկ էր։ Հավանաբար այս տարի մեր բերքի վրա դա ակնհայտորեն բացասական ազդեցություն կունենա։ Նույնն ասում են այլ ֆերմերներ»։

Մեթ Ֆրոստիկը նույնպես ֆերմեր է։ Միչիգանում ունի մշակաբույսերի և անասնապահության բիզնես․

«Հունվարին մենք ազոտի գինը դիտարկում էինք մոտ 350 դոլար մեկ տոննայի համար։ Այսօր այդ թիվը տատանվում է մոտ 600 դոլարի սահմաններում»։

Ազոտի արտադրությունը մեծապես կախված է բնական գազից, որն օգտագործվում է անջուր ամոնիակ արտադրելու համար։ Այդ քիմիական նյութը մշակաբույսերի համար օգտագործվող պարարտանյութերի մեծ մասի հիմքն է։ Գազը նաև զգալի դեր է խաղում սննդային շղթայի տարբեր փուլերում՝ արտադրությունից մինչև սննդի պահպանում։ Մատակարարման ընդհատումները կամ գների բարձրացումը, որպես կանոն, արագ ազդեցություն են ունենում համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա։

Շուկան արագ է արձագանքում լոգիստիկ սահմանափակումներին, բեռնափոխադրման ծախսերի աճին և ծովային ապահովագրության բարձր վճարներին։ Ի՞նչ ազդեցություն կունենա պարարտանյութերի շուկայի անկայունությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը կարծում է, որ ազդեցությունը նկատելի կլինի միայն երկարաժամկետ հեռանկարում․

«Պարարտանյութերի մոտ 33 %-ը դուրս է գալիս Հորմուզի նեղուցից։ Շատ պետություններ ունեն արդեն այդ խնդիրը։ Մեզ այս պահին դա չի սպառնում, քանի որ մենք հիմնականում ՌԴ–ից ենք ներկրում պարարտանյութը»։

Բայց Հայաստանի կառավարությունը նախապես է միջոցներ ձեռնարկում։ Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ գյուղացիներին պարարտանյութի ձեռքբերման սուբսիդավորման ծրագիր են առաջարկելու․

«Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում պարարտանյութի գներն աճել են։ Այդ պատճառով կառավարությունը կաջակցի մեր քաղաքացիներին, որպեսզի այդ գինը մինչև 3 հզր դրամով լինի ավելի նվազ, քան շուկայական գինն է։ Մոտավորապես մեխանիզմը այսպիսին է․ եթե, օրինակ, շուկայում գինը լինի 11 հզր դրամ, ապա կառավարությունը կփոխհատուցի 3 հզր դրամ, գինը ձեզ համար կդառնա 8 հզր դրամ»։

Սուբսիդավորումը կվերաբերի ազոտական ու կալիումական պարարտանյութերին։ Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ տարբեր երկրներում ֆերմերները հարցն ավելի մասշտաբային են դիտարկում։ Նրանց մտահոգում է հատկապես վառելիքի թանկացումը։

Leave a Comment