Երկրում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. ՆԳ նախարար

Երկրում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. ՆԳ նախարար

Ազգային ժողովն ապրիլի 16-ի նիստում շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթներ են ունեցել Ազգային ժողովի պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարեւորության մասին: «Թե՛ դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը, վերանորոգումը, թե՛ ուսուցիչների վարձատրության բազմակի ավելացումը, թե՛ գիտության ֆինանսավորումն ամենաֆունդամենտալ եւ երկարաժամկետ ներդրումն են մեր տնտեսության մեջ, որի արդյունքները զգացվելու են մի քանի տարի կամ 10-15 տարի հետո»,- ընդգծել է զեկուցողը: Պատգամավորը նաեւ արժեւորել է առողջապահության ապահովագրության ներդրումը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ 2026 թվականի պետական բյուջեով հարկային եկամուտները նախատեսված են շուրջ 3 տրիլիոն դրամ: «Հայաստանի Հանրապետությունում հարկատուները պետական բյուջե վճարում են 3 տրիլիոն դրամի հարկեր, որոնցով լուծվում են ամենատարբեր խնդիրներ»,- բարձրաձայնել է հանձնաժողովի փոխնախագահը եւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում աշխատող, գործունեություն ծավալող եւ բարիք ստեղծող բոլոր հարկատուներին:

Զեկուցողը նաեւ անդրադարձել է ձեռք բերված խաղաղությանը եւ համոզմունք հայտնել, որ այն գնահատում է հասարակությունը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու աշխատանքները:

Ճանապարհաշինական ծրագրերով նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ, եւս 265 կմ երկարությամբ ճանապարհ կառուցվել ու վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Նախարարն առանձնացրել է Խոտ-Որոտան, Թթուջուր-Նավուր ճանապարհները, Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհների հիմնանորոգումը:

Նախորդ տարի էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներից խոսելով՝ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ արտադրվել է 10 մլրդ կլվտ/ժամ էլեկտրաէներգիա: Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16.3 տոկոսն արտադրվել է արեւային կայանների շնորհիվ: Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը կազմել է 6.7 տոկոս 2024 թվականի համեմատ: Շարունակվել են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի եւ ենթակառուցվածքների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները:

Ավարտվել է 2022 թվականից իրականացվող «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը», որի շրջանակում պետության կողմից վարկի սուբսիդավորում է իրականացվում բնակիչների բնակարանների վերանորոգման մասով: Շահառուների թիվը կազմել է 34.500 տնային տնտեսություն, այս նպատակով պետությունը սուբսիդավորել է 11.4 մլրդ դրամ գումար:

Ներկայացվել են տրանսպորտային ոլորտում իրականացված ծրագրերը, այդ թվում՝ օդային ու երկաթուղային տրանսպորտային ոլորտի գործընթացները, ջրային տնտեսության, ընդերքօգտագործման բնագավառների աշխատանքները: Մանրամասնվել են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային ծրագիրը, պետական բյուջեից համայնքներին տրվող դոտացիաները, պետական գույքի կառավարման մասով արձանագրված ցուցանիշները:

Հարակից զեկույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոլորտում Կառավարությունն իրականացրել է լայնածավալ ու համակողմանի աշխատանք: Ըստ զեկուցողի՝ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ երկրում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, ինչը հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է: Նշվել է, որ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը: Նախարարի տեղեկացմամբ նախարարության համակարգում՝ հանրային ծառայությունների  ոլորտում իրականացվում են թվայնացման աշխատանքներ:

Ներկայացնելով 2025 թվականի ամփոփ վիճակագրությունը՝ զեկուցողը նշել է, որ Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համադրությամբ կա 3,2 տոկոս հանցավորության նվազում, ինչը, ըստ գերատեսչության ղեկավարի, իրավապահ համակարգի արդյունավետ եւ համակարգված աշխատանքի արդյունքն է:

«Չնայած արտակարգ դեպքերի եւ պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետեւանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով»,- հայտնել է նախարարը:

Արփինե Սարգսյանը մանրամասնել է 2025 թվականի ընթացքում կատարված այլ աշխատանքներն ու բարեփոխումները:

614.000 մարդ է օգտվել 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համընդհանուր ապահովագրության համակարգից: Համակարգի հաջող գործարկումը հնարավոր եղավ 2021-2025 թվականների ընթացքում կատարված համակարգային փոփոխությունների, ենթակառուցվածքների մեջ զգալի ներդրումների, պետական պատվերի ընդլայնման, օֆերտայի համակարգի, թվայնացման եւ այլ բարեփոխումների իրականացման շնորհիվ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում գրանցված դրական արդյունքները:

Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի վերաբերյալ ելույթներ են ունենում պատգամավորները:

Օրվա ընթացքում տեղի են ունեցել հերթական նիստերում քննարկված նախագծերի քվեարկությունները:

Leave a Comment