«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում»․ երկօրյա համաժողով Երևանում

Երևանում մեկնարկել է «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» երկօրյա ազգային համաժողովը։ Այն լայն քննարկումների և փորձի փոխանակման հարթակ է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների համար։ Համաժողովում քննարկվել են համայնքներում երիտասարդական քաղաքականությունների ձևավորման, դրանց կիրառելիության և արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր։

«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» երկօրյա ազգային համաժողովը քննարկումների և փորձի փոխանակման լավ հնարավորություն է  պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը կարևորեց երիտասարդական քաղաքականություններ ձևավորելու և դրանք զարգացնելու կարողությունները։

ՀԿ նախաձեռնած գործընթացի շրջանակում նախատեսվում է աջակցել համայնքներին՝ ձևավորելու և իրագործելու երիտասարդների կարիքներին համապատասխանող ծրագրեր։ Ըստ այդմ՝ կարևորվում է համայնքների կարողությունների զարգացումը, որպեսզի կարողանան ինքնուրույն ծրագրեր մշակել, դրանք ներկայացնել ավագանիների հաստատմանը և անցնել գործնական քայլերի։

Համաժողովի կազմակերպիչ Գրիգոր Երիցյան․ 

«Այսօր Հայաստանի համայնքներից շատ քչերն են իրականացնում երիտասարդական միջոցառումներ, շատ քչերն են երիտասարդների կարիքների վրա հիմնված ծրագրեր առաջարկում, և մենք նպատակ ունենք այդ բացը լրացնել և ոչ միայն պահանջել համայնքներից, որ դուք պարտավոր եք մշակել այդ քաղաքականությունը, այլ նաև աջակցել նրանց, որպեսզի նրանք ունենան հմտություն, կարողություն դա անելու»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Անժելա Փիլոյանը նշեց, որ երիտասարդներին առնչվող իրավական փաստաթղթերի մշակումը նոր չէ, սակայն, այժմ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց կիրառելիությանը համայնքներում։

«Օրենքի ընդունումը զուգորդվեց՝ «Տեղական ինքնակառավարման բնագավառի» թիվ 1 օրենքի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելով, որով ՏԻՄ–երին վերապահվեց լիազորություն աջակցելու ինչպես երիտասարդական կենտրոնների հիմնադրմանը, այնպես էլ աշխատակազմում սահմանելու երիտասարդական հարցերով զբաղվող աշխատողի հաստիք»։

Անդրադառնալով տեղական երիտասարդական քաղաքականության նշանակությանը, Անժելա Փիլոյանը նշեց, որ այն պետք է լինի ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ իրական, ժամանակին համահունչ գործիք, որը կարձագանքի համայնքի երիտասարդների խնդիրներին և կարիքներին։

Գրիգոր Երիցյանը նշեց, որ կմշակվի մեթոդաբանություն և կտրամադրվի համայնքներին՝ որը հնարավոր կլինի կիրառել երիտասարդական աշխատանքներում:

«Էդ փորձը և գործիքակազմը դեռևս համայնքներում չկա, և էս գործընթացի արդյունքում մենք նաև կմշակենք մեթոդաբանություն, և էդ մեթոդաբանությունը կտրամադրենք համայնքներին, որպեսզի հեշտացնենք իրենց կյանքը։ Միևնույն ժամանակ համայնքները արդեն իսկ շատ նմանատիպ գործողություններ են իրականացնում, օրինակ՝ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացնում են կարիքի գնահատում այլ ոլորտում։ Մենք պետք է նաև փորձենք միասին հասկանալ, որ էդ փորձառությունը կարելի է օգտագործել նաև երիտասարդների հետ աշխատելիս»։

Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ հետագա հանդիպումները մարզերում, փորձագիտական աջակցությամբ մեթոդաբանության վերանայումն ու վերջնականացումը համայնքների համար գործնական հիմքեր կստեղծեն ծրագրերն իրականացնելու համար։ Ակնկալվում է նաև, որ համայնքները հստակ ձևակերպված, կոնկրետ կարիքներից բխող և գործնական նշանակության ծրագրեր կմշակեն, որոնք կարող են լուծել  տվյալ բնակավայրի երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։

Leave a Comment