Փաշինյանն առաջարկում է «Նոյյան տապանով» «ինոագենտներին» բաց թողնել համաշխարհային պատմության օվկիանոս

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին քաղաքական մեծամասնությունն անդրադարձել է ներքաղաքական առանցքային հարցերին, որոնք վերջին շրջանում հատկապես ընդդիմադիր ուժերի ուշադրության կենտրոնում են։ Սակայն դրանց շուրջ խորհրդարանի և կառավարության  անդամների երկխոսությունն ընթացել է առանց ընդդիմադիրների։ Վերջիններիս հուզող հարցերը կառավարող ուժի ներկայացուցիչներն են բարձրաձայնել։ 

Իշխող քաղաքական ուժը ՀՀ քաղաքացիներին ուղղված նոր առաջարկ է ձևավորել, որի մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է  ԱԺ–կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում  հասկացել են, որ հանրությունն ակնհայտորեն հոգնել է «ներկաներ և նախկիններ» խոսույթից։ Խնդիրը լուծելու և առաջիկա տարիներին այլ օրակարգ ու խոսույթ ձևավորելու համար Փաշինյանն առաջարկում է։

«Այդ շանսը կա պարզապես չեն հաղթահարում անցողիկ շեմը, և մենք այդ էջը փակված ենք համարում և անցնում ենք  մեր ռազմավարական ծրագրերի իրականացմանը, որն արտահայտված է Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական վերափոխման դոկտրինի և ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Ես կարծում եմ, որ սա լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին՝ այդ բոլորին նստեցնել «Նոյյան տապան» և բաց թողել բաց թողնել նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»։  

«Պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպմամբ Հայաստանի վարչապետը բնորոշում է քաղաքական երեք  ուժերին, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։ Խոսքը «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ու «Հայաստան» դաշինքի մասին է։ Վարչապետ Փաշինյանն ուսումնասիրել է երեքի նախընտրական ցուցակները և եզրակացրել․

 «Ուժեղ Հայաստան»–ը Սերժ Սարգսյանի թևն է Ռոբերտ Քոչարյանի թևի մի մասի հետ։ Ըստ էության, հանրապետականներն էլ դա չեն թաքցնում , և նաև կոնկրետ մարդիկ են ներգրավված։ «Հայաստան» դաշինքը չգիտեմ նո՞ւյն անունով են հանդես գալու, թե՞ ուրիշ անուն են ընտրելու։ Ընդ որում, այս դաշինքի մի հատվածը հիմա տեղավորված է «Ուժեղ Հայաստան»–ում, մյուս հատվածը տեղափոխվել է «Բարգավաճ Հայաստան»։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը «պատերազմի եռագլուխ կուսակցությանը» ձայն տալու որևէ պատճառ չունի և ընդհակառակը՝ ունի բազմաթիվ պատճառներ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու։ Որովհետև քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին, նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ»։  

Գործող խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների թեման խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը շարունակեց նրանց բացակայության պայմաններում։ Ինչպես կառավարության կատարողականի քննարկման, այնպես էլ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չմտավ ԱԺ նիստերի դահլիճ։ Աղաջանյանը նաև այլ փաստեր ներկայացրեց․

«Ես փորձեցի վեր հանել վիճակագրություն, և պարզվում է, որ մինչ այս պահը 8-րդ գումարման ԱԺ բոլոր նիստերի մոտ 43%–ից ընդդիմությունը բացակայել է։ Խորհրդարանական կառավարման պետությունների շրջանակում նմանատիպ վիճակագրությունը եզակի է։ Այստեղ մենք չունենք հետևողականություն․ ընդդիմությունը որոշ ժամանակ բացակայում է, հետո ինչ–որ նիստերի ոչ պարզ պատճառներով ներկայանում է, հետո էլի բացակայում է, և այստեղ իսկապես դժվար է տրամաբանություն գտնել։ Պետք է նաև հաշվի առնենք, որ այս հարցուպատասխանը կարևորագույն գործիքներից է ընդդիմության կողմից խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համատեքստում»։

Փաշինյանը հիշեց ընդդիմադիր  լինելու տարիները։ Դժվարացավ մտաբերել գոնե մի դեպք, երբ 6 տարվա ընթացքում բաց թողած լիներ կառավարության հետ գոնե մեկ հարցուպատասխան։ Այսօրվա վիճակը նրան ստիպում է ենթադրել․

 «Այդ բացակայությունը մի բանի վկայությունն է այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ։ Մյուս կողմից էլ կամաց–կամաց ԱԺ–ից «վեշերը» հավաքելու պրոցեսի մեջ են»։  

Նախընտրական և ներքաղաքական հարցերում, սակայն, գերակշռող են  կանխատեսումները։ Ընդդիմադիրների հիմնական թեզը հիշեցրեց պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը։

«Ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը վերջերս մի ուղերձ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը աղքատանալու է, մեր տնտեսվարողներն աղքատանալու են, և մենք ապրելու ենք աղքատ, քանի որ եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմների մեջ է մտնելու»։  

Հարցին պատասխանելիս Հայաստանի վարչապետը հստակ ընգծեց, որ ինչպես  Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները Հայաստանը երբեք և ոչ մի պարագայում չի վտանգի։

«Ես կարծում եմ` ձեր նշած բազմաքաղաքացին իր մասին է խոսել, երբ խոսել է աղքատացման մասին։ Պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենից մեծ–մեծ ինչ–որ պարտավորություններ է ստանձնել, այդ պարտավորությունները չկատարելու հետևանքով իր ունեցածն իր ձեռքից առնվելու է։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, և մենք ԵԱՏՄ հինգ երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, որոնք այդպիսի սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ–ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Իրենց ունեցվածքը միևնույն է, չեն փրկի։ Մենք ՌԴ–ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի տնտեսական թե  քաղաքական, սին  են։ Որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով։ Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան–Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես «ինոագենտ» են»։  

Հայաստանի վարչապետը հավելում է՝ անգամ վիճակագրությունն է  ապացուցում, որ Հայաստանի և  Ռուսաստանի ղեկավարների, նաև  կառավարությունների անդամների միջև  շփումներն այնքան ինտենսիվ չեն եղել, որքան վերջին տարիներին։ Խոսքն, ըստ վարչապետի ոչ միայն հանդիպումների, այլև  հեռախոսազանգերին ու առանձին շփումների մասին է։

Leave a Comment