Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է կառավարության 2025 թվականի կատարողականի մասին զեկույցը։ Ավելի քան մեկ ժամ տևած ելույթի ժամանակ վարչապետը խոսել է արտաքին քաղաքականութան և Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության, TRIPP–ի, տնտեսական ու սոցիալական ցուցանիշների մասին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քննարկմանը։ Կառավարության կատարողականը մանրամասն կքննարկվի ԱԺ առաջիկա նիստերին։
Այսօր Հայաստանի ժողովուրդն ավելի խաղաղ, բարեկեցիկ, զարգացած, ժողովրդավար, ինքնիշխան երկրում է ապրում, քան երբևէ, հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ցանկին նոր ցուցանիշ ավելացնում․
«Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում»։
Թվարկված բոլոր ցուցանիշները հնարավոր են դարձել առաջին հերթին Հայաստանի և Արդբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ՝ ասում է Փաշինյանը։ Ընդգծում է՝ թեև երկու երկրների միջև դեռ չկա ստորագրված համաձայնագիր, և ձևավորված չեն դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության իրավական հիմքը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ու «Թրամփի ուղի» նախագիծն են․
«Ուզում եմ ընդգծել՝ Հայաստան- Ադրբեջան սահմանի 12 կմ-անոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն՝ Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով, և դրանով, իմ համոզմամբ, մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման։ Այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մ հեռավորությամբ է, և սա այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, իմ ասածի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է»։
Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների կարևորությունն ավելի տեսանելի դարձավ վերջին շաբաթներին Իրանում պատերազմի ֆոնին։ Մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանի քաղաքացիներն ավելի շոշափելիորեն կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու՝ Հայաստանի համար հասանելիությունը չլիներ․
«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրականացումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնում»։
Հայաստանը կայուն խաղաղության հանգրվանին հասել է բազմաթիվ զոհերի, զրկանքների և տառապանքի գնով, բայց այսօր ավելի զարգացած պետություն է՝ ավելի մեծ հեռանկարով, ասում է վարչապետը․
««Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթը, աշխարհաքաղաքական թակարդում էր դնում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգը։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է, իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին, ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ, պիտի խոստովանենք»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին բանակցություններն ավարտվել են, և դրանց վերաբացման յուրաքանչյուր փորձ վտանգավոր է համարում․
«Նախաստորագրել, նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ, կներեք, ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղի և հարակից շրջանները պարունակող քարտեզներով և, դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմն է»։
Հենց սա նկատի ունի վարչապետը, երբ ասում է, որ հունիսին տեղի ունենալիք ընտրություններին Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և պատերազմի միջև, բացատրում է Փաշինյանը։ Նա անդրադառնում է նաև տնտեսական ու սոցիալական մի շարք ցուցանիշների․
«2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7,9 %։ Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4,1 %։ Հայաստանի Հանրապետությունում աճը կազմել է 7,9 %։ Համարյա կրկնակի ավել։ ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3,1 %»։
Նույն ժամանակահատվածում ստեղծվել է 288 հզր նոր աշխատատեղ, պետբյուջե է մտել լրացուցիչ 4,2 մլրդ դոլար։
«2018–2025 թվականները մենք, ուշադիր եղեք, 1 տրլն 410 մլրդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որը մենք ուղղակի էսպես վերադարձրել ենք տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»։
Հայաստանի կառավարությունը առողջապահական համակարգը քայլ առ քայլ մոտեցրել է համընդհանուր պարտադիր ապահովագրմանը։ Վարչապետը տպավորված է հատկապես մարզերում մեծահասակներից լսած գնահատականներից․
«Հունվարի 1–ից մինչև երեկ Հայաստանի Հանրապետությունում 439 թոշակառու անձ, 65 պլյուս տարիքի 439 անձ ստացել է 4 միլիոն դրամ և ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն։ Հասկանու՞մ եք 439 մարդ։ Պետությունը` Հայաստանի Հանրապետությունը էդ մարդու մահճակալի կողքը նստել է և 4 միլիոն դրամի ծառայություն է մատուցել։ 1133 65 պլյուս տարիքի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով ծառայություն»։
Մինչև 2026 թվականի ավարտը կառավարությունն ամբողջությամբ կավարտի «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Ավելին՝ գործադիրն արդեն սկսել է հաջորդ 300 դպրոցի շինարարությունը, դրանցից 54-ի շինարարությունն արդեն սկսվել է ՝ վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդգծում է՝ այդ ռազմավարությունը կարևոր է հատկապես Հայաստանի բոլոր մարզերը համաչափորեն զարգացնելու համար։