Յամալը մեկ տարում խաղադաշտում անցկացրել է 4873 րոպե

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած րոպեների քանակով ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստն է։

18-ամյա հարձակվողը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 4873 րոպե։ Այս մասին հայտնում է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բորնմութի» 19-ամյա հարձակվող Ռայանը, ով խաղացել է 4844 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին՝ վերջին մեկ տարում գրանցած 4635 րոպե արդյունքով։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։

Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։

Leave a Comment