
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում, հաղորդում է «Ազատությունը»։
«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։
Նախատեսվում է, որ առաքելությունը կգործի երկու տարի ժամկետով և կունենա 20-30 միջազգային աշխատակից:
Խումբը գնահատելու է անվտանգային ոլորտի կարողությունների զարգացման կարիքները, որպեսզի երկիրն ավելի արդյունավետ արձագանքի սպառնալիքներին՝ ԵՄ ստանդարտներին համապատասխան:
Այս նոր առաքելությունը գործելու է արդեն իսկ գոյություն ունեցող ԵՄ դիտորդական առաքելությանը (EUMA) զուգահեռ, որի մանդատը նախկինում երկարաձգվել էր մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը: