Հայաստանից միանգամից երկու պատվիրակություն է գործուղվում Թուրքիա

Առաջիկա օրերին Հայաստանից երկու պատվիրակություն գրեթե միաժամանակ մեկնելու է Թուրքիա․ նախ Ստամբուլում, ապա Անթալիայում հավաքվելու են տարբեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ի՞նչ քննարկումներ են սպասվում Թուրքիայում, ինչո՞ւ է Հայաստանի մասնակցության ձևաչափը փոխվել, ինչո՞ւ են Հայաստանում խոսում ենթադրյալ նեղացվածության մասին, և ի՞նչ երկկողմ հանդիպումներ են ծրագրված․

Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է ապրիլի 17-ից 19-ը, իսկ Ստամբուլում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովը՝ ապրիլի 15-ից 19-ը: Հայաստանից երկու տարբեր պատվիրակություն է մասնակցելու այդ միջոցառումներին։ Սակայն վարչապետ Փաշինյանը որոշել է չմասնակցել և ոչ մեկին։

Խորհրդարանական ընդդիմությունից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատճառը չգիտի, բայց ենթադրում է, որ Թուրքիա չմեկնելու վարչապետի որոշումը կապված է ներհայաստանյան ընտրական գործընթացի հետ․

«Այս պահի դրությամբ միգուցե Էրդողան–Փաշինյան, այսպես ասած, այն ջերմ՝ գրքի սեղմելու պահերը և հարաբերությունները, որ կան, կարող են այս էլեկտորալ պրոցեսների ժամանակ որոշակի բացասական ազդեցություն ունենալ իր համար, խնդիրներ առաջացնել, և դրա համար այս պահի դրությամբ գուցե խուսափել է այդ հանդիպումից։ Ես այդ ենթադրությունն ունեմ։ Այլ ինֆորմացիայի տեղյակ չեմ»։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2024 և 2025 թվականների, երբ Անթալիայի ֆորումին մասնակցում էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, 2026-ին Հայաստանն այնտեղ ներկայացված է լինելու փոխարտգործնախարարի մակարդակով։ Դիվանագիտական ֆորումին մասնակցելու է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Այս որոշումը որոշ շրջանակներում պայմանավորում են ոչ թե դիվանագիտական պատճառներով, այլ Հայաստանում նախընտրական մթնոլորտով և աշխատանքներով։ Անթալիայի դիվանագիտական ֆորումը բաց է թողնելու նաև ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիա չմեկնելու հստակ պատճառը նա չի նշում, բայց հերքում է ենթադրությունները, թե մասնակցության մակարդակը ինչ-ինչ առումով վերաբերմունք է արտահայտում, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ թուրքական կողմը կյանքի չի կոչել․

«Բայց ես բացարձակ այդպիսի բան չասացի։ Դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի` Անթալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք` ինչ մակարդակով, ոնց և երբ»։  

Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանների բացման հարցում Հայաստանն արել է ամեն ինչ՝ ընդգծել է Ռուբինյանը։ Ավելի պարզ ասած՝ Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում «գնդակը» Հայաստանի դաշտում չէ։ Արված աշխատանքները, ըստ Ռուբինյանի, քիչ չեն․

«Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ։ Ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի և Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաև, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին։ Փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքը արել ենք։ Նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը։ Այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով»։  

Հայաստանի ներկայացուցիչն ասում է, որ հարաբերությունների հաստատման բանակցություններում Թուրքիան նախապայմաններ չունի։ Ռուբինյանը պնդում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան առնչվող խնդիրներ ևս թուրքական կողմը չի տեսնում։ Թուրքիայի հետ բանակցող Ռուբինյանը տարակուսում և նույնիսկ զայրանում է, թե ինչու են իրեն հարցեր ուղղվում ապրիլի 24–ին կառավարական պատվիրակության՝ Ծիծեռնակաբերդ այցելելու մասին․

«Բայց ամեն տարի այցելում են, ենթադրում եմ` այս տարի էլ։ Ի՞նչ է փոխվել, ինչ–որ մեկը կառավարությունից այլ բա՞ն է ասել։ Իսկ դուք գնալո՞ւ եք Ծիծեռնակաբերդ, ես ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ, բացառությամբ այն տարիների, երբ արտերկրում եմ լինում գործուղման։ Այսինքն` լրագրողական դաշտն այնքան է այս «փուչիկը» փչել՝ ուրացում, ուրացում, եսիմ ինչ, դավաճան, որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատա՞լ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թ.–ը՝ Լևոն Տեր Պետրոսյանի նախագահության տարիներին, բայց դա չի նշանակում․․․մի բան է, երբ  դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն` որպես միջազգային քաղաքականության մաս, մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Ինչի՞ մասին է խոսքը»։  

Վերադառնանք Թուրքիայում անցկացվող միջազգային միջոցառումներին․ Ստամբուլում գումարվելիք Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին Հայաստանը կմասնակցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ։ Արդեն ծրագրված են հանդիպումներ․

«Մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Նախատեսված հանդիպում կա այս պահի դրությամբ երկու  գործընկերոջ հետ։ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եմ հանդիպելու»։   

Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովի գլխավոր թեման է «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար»: Համաժողովի պաշտոնական կայքում ներկայացված են օրակարգի հիմնական հարցերը։ Խաղաղության և անվտանգության խնդիրներից ելնելով՝  հատուկ ուշադրություն կդարձվի հետկոնֆլիկտային կառավարման մեխանիզմների ստեղծմանը և արդար ու տևական խաղաղության վերականգնմանը: Կայուն տնտեսության նպատակներով քննարկվելու է խորհրդարանների դերը հովանավորչության դեմ պայքարում, մաքսատուրքերը նվազեցման և կորպորատիվ հարկերից խուսափելու կանխարգելման գործում: Օրակարգային հարցերից են նաև մարդու իրավունքները, տարածաշրջանային հակամարտությունները, կառույցի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը և կազմակերպության 2027-2032 թթ․ նոր ռազմավարության ընդունումը: 

Leave a Comment