Ցանքի սուբսիդավորումից մինչև նախընտրական թեմաներ՝ Շիրակի մարզխորհրդի նիստում

Շիրակի մարզխորհրդի այսօրվա ընդլայնված նիստին մասնակցել են ոչ միայն համայնքների վարչական ղեկավարները, այլև մարզի ուժային կառույցների , կրթական, մշակութային ու առողջապահական կառույցների ղեկավարները: Նիստում ամփոփվել են 2026-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, ներկայացվել անելիքները:

Շիրակի մարզում չլուծված դեռ շատ խնդիրներ կան: Դրանց առաջնահերթությունը որոշում են համայնքները: Սեփական եկամուտների հավաքման արդյունքում է ձևավորվում համայնքային բյուջեն, որն էլ ուղղվում է տարաբնույթ ծրագրերի ու թեթևացնում բնակիչների հոգսը: Այս հունվար-մարտին մարզի վեց համայնքները սեփական եկամուտները հավաքել են 102 տոկոսով:

Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Էմիլ Պողոսյանն ընդգծում է լայնածավալ քաղաքաշինական աշխատանքները։

«Ամփոփելով 25 թվականը՝ նշեմ, որ մարզում իրականացվել է 29.6 միլիարդ դրամի քաղաքաշինական ծրագրեր, որոնք 42 տոկոսով գերազանցում 25 թվականի ծրագրերը՝ 20 միլիարդ»:

Համայնքների խոշորացումից հետո միայն հնարավոր դարձավ նույնիսկ հեռավոր գյուղերում կյանքի կոչել այնպիսի մեծամասշտաբ ծրագրեր, որոնք նախկինում փոքր բյուջեի պատճառով անհնար էին: Վերջին տարիներին իրականացվել է 36 սուբվենցիոն ծրագիր, որոնց ֆինանսավորմանը մասնակցել է նաև պետությունը: Գրեթե 4 ու կես միլիարդ դրամով կառուցվել ու հիմնանորոգվել են մանկապարտեզներ, համայնքային ճանապարհներ, անցկացվել են ջրի ու ոռոգման ցանցեր, ինչի արդյունքում ոռոգելի է դարձել 560 հեկտար անջրդի տարածք: Գազիֆիկացվել են լեռնային գյուղեր ու լուսավորվել։
Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը շեշտում է այս տարի ծրագրերի ավելացումը։

«2026-ին նախատեսվում է իրականացնել ասֆալտապատում՝ 38.9 կմ, սալարկում 11.1 կմ, խմելու ջրի անցկացում՝ 19.9 կմ, ոռոգման համակարգի կառուցում ՝ 9.2 կմ կամ 400 հեկտար,բ նակավայրերի գազաֆիկացում 72.5 կմ »

Գյուղացու հոգսը թեթևացնելու ծրագրերը ևս օրակարգում են․կսուբսիդավորվեն գարնանացանի ծախսերը: Մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նկատում է, որ այս տարի մարզում ավելի շատ աշնանացան ու գարնանացան ցանք է արվել, ուստի ավելի շատ բերք է սպասվում։

«2026 թվականի բերքի տակ դրվել է 19 400 հեկտար, ինչը 2025 թ-ի ցանքատարածությունների համեմատ ավելի է 8300 հեկտարով: Գարնանացան հացահատիկայինը նախորդ տարի, 2024-ի համեմատ, ավել է ցանվել 2493 հեկտարով :2025 թվականին ,համեմատած 2024 թ-ի, գյուղատնտեսական մշակաբույսերի միջին և համախառն բերքատվության աճ է արձանագրվել: Հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի համախառն բերքը ստացել ենք 788 հազար ցենտներ՝ 2024-ի 561 հազար ցենտների համեմատությամբ»:

Մարզխորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձավ նաև սպասվող համապետական ընտրություններն: Մարզպետն իր մասով հաստատում է գործող կառավարության մոտեցումը՝ ընտրությունը թողնել քաղաքացու ազատ որոշմանը, անցկացնել թափանցիկ:

«ՔՊ կուսակցության կազմակերպած ընտրություններն ապօրինություններով չեն եղել ու չեն լինելու,մեր ընտրված ղեկավարը լինելու է լեգիտիմ և բոլոր էն անձնանց, ովքեր պետական ծառայողներ են, հորդորելու եմ, պահանջելու եմ նաև, որ լինեն պետականամետ, հարգելի լրագրողներ, գուզեմ ֆիքսեք, որ ոչ իշխանամետ, այլ պետականամետ»։

Մարզպետ Դավիթ Առուշանյանն է Շիրակի մարզում ղեկավարելու իշխող ՔՊ-ի նախընտրական շտաբը: Գյումրիի սցենարի կրկնվելն Առուշանյանը հավանական չի համարում, Գյումրի-2 չի լինելու՝ ասաց, քանի որ կարծում է՝ ընդդիմությունն այդքան ձայն չի ստանա: Իր կանխատեսումներում մարզպետը նաև նկատում է․

«Նույն մոդելը փորձում են անել նաև համապետական ընտրություններին, էտ բոլորի համար պարզ է, կառավարվող մեկ կենտրոնից, և , իմ կարծիքով, չկա որևէ մեկը, որ կասկած ունենա, որ թե Գագիկ Ծառուկյանը և թե Սամվել Կարապետյանը ձայները տալու են Ռոբերտ Քոչարյանին,եթե, իհարկե, կարողանան հավքել էնքան ձայն, որ փորձեն անել էն, ինչ Գյումրիում են արել: Ես վստահ եմ, որ չեն կարողանալու հավաքեն էտ ձայները:»

Ընտրությունների նախաշեմին մարզպետի աշխատակազմին ենթակա մի շարք կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը Դավիթ Առուշանյանը ընտրակաշառք չի համարում, այլ բնորոշում է որպես բնակչի սոցիալական բեռի թեթևացում: Անդրադառնալով ընդդիմության հայտնած մտահոգություններին՝ Առուշանյանը վստահեցնում է, որ մարզպետները վարչապետի այցերի ժամանակ ռեսուրս չեն կիրառում։

Ապրիլի 19-ին ևս Փաշինյանն այցելելու է Գյումրի, որտեղ նախատեսված է մեծ համերգային ծրագիր:

Leave a Comment