13 ապրիլի 2026 – 17:57 AMT
PanARMENIAN.Net – Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ «սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
Նա հավելել է, որ երկիրը սահման ունի Կովկասում, և այստեղ պատերազմներն ու անկայունությունն ազդում են նաև Թուրքիայի վրա, հայտնում է Factor.am-ը:
«Հետևաբար, մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոնի և անվտանգության ապահովման, անվտանգային համակարգի հետ կապված։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն, տարածաշրջանային երկրներին և համաշխարհային տերություններին հավասարման մեջ պահելով, որպեսզի այնտեղ թեժ հակամարտությունը չազդի Թուրքիայի վրա»,- նշել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ Անկարան շատ մեծ ռազմավարական գոտի ունի Մերձավոր Արևելքում, Կովկասում, Սև ծովում և Միջերկրական ծովում, ինչպես նաև եվրոպական անվտանգության մեջ։ Եվրոպական անվտանգությունը միշտ ձևավորվել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո, և Թուրքիան դեր է խաղացել այդ համատեքստում, վստահեցրել է թուրք պաշտոնյան։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։