Փոքր ու միջին բիզնեսը թվերով․ Փոքր ու միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի ներկայացրած փաստաթղթի նպատակը քաղաքական ուժերին այս ոլորտի պատկերը ներկայացնելն է: Այստեղ ներառված են առևտրային գործունեություն ծավալող ու զրոյից բարձր հաշվետվություն ներկայացնող ակտիվ տնտեսավարողները։
2024-ի վերջին գործող տնտեսավարողների թիվը շուրջ 170 հզր էր։ Նույն ցուցանիշը 2025-ի վերջին կազմել է շուրջ 175 հզր։ Ակտիվ, առևտրային (ոչ պետական) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի քանակը 2024-ի վերջին կազմել է մոտ 73 հզր, իսկ 2025-ի տարեվերջին՝ մոտ 75 հզր։
Մանրածախ առևտուր, ծառայություններ, արտադրություն․ 2025–ին ՓՄՁ–ն Հայաստանում հիմնականում այս ոլորտներում է գործունեություն ծավալել։ Ակտիվ ՓՄՁ-ների կազմում մանրածախ առևտուրը 2024-2025 թթ․ կազմել է 40-41 %։
Ծառայությունների ոլորտը դիտարկվել է առանց հանրային սննդի, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների։ Այս տրամաբանությամբ ակտիվ գործունեություն ծավալած ծառայությունների ոլորտի ՓՄՁ-ները կազմել են 38 %-ը։
Իսկ արտադրության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալածները եղել են 11 %-ը։ Հանրային սննդի ոլորտում գործող ակտիվ ՓՄՁ-ների կազմում տնտեսավարողների քանակը կազմել է 5 %, իրավաբանական ծառայություններ մատուցողներինը՝ մոտ 1 %, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցողներինը՝ մոտ 1,3-1,5 %։
ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․ «Մեր ակտիվ տնտեսվարողների մեջ շարունակում են մեծամասնություն կազմել անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ բիզնեսի վարման կառուցվածքի մեջ մեծ դերակատարում ունեն մարդ-տնտեսվարողները։ Սա «կարմիր լույս» է, որ մենք պետք է շատ-շատ քաղաքականություններ անենք, որպեսզի բիզնեսի վարումը կազմակերպության նվազագույն ձևի վերածվի, որովհետև մարդ տնտեսավարողը բիզնեսի վարման համար արագ ստեղծվող և նույնքան արագ դադարեցվող կամ լուծարվող ձև է»։
Հակոբ Ավագյանը մտահոգիչ է համարում, որ արտադրությամբ զբաղվում է ՓՄՁ–ի 11 %–ը։ Այդ մասնաբաժնում էլ հիմնականում հացի ու հրուշակեղենի արտադրությունն է, տեքստիլն ու չրագործությունը։ ՀՀ-ում ՓՄՁ զարգացման ռազմավարությունը ավարտվել է 2024–ին, նորը դեռ չի ընդունվել։
«2002-ից ունեինք ՓՄՁ աջակցության պետական մարմին, որը արդեն 4-5 տարի է փակվել է։ Դրա փոխարեն պետական աջակցության մարմին չունենք»։
Հայաստանի ձեռներեցության զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը քննարկվել էր ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 34-րդ նիստում։ Իրավական ու պետական գրանցում ստացած ՓՄՁ-ների նախընտրելի ձևը մնում է անհատ ձեռնարկատիրությունը։ 2024-25 թթ․ արդյունքներով ԱՁ-ները կազմել են ակտիվ ՓՄՁ–ների 49-49,7 %-ը։ Գերփոքր տնտեսավարողների կազմում ԱՁ-ները եղել են 56 %: Երկրորդ տեղում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են։ Դրանք ակտիվ ՓՄՁ-ների 47,4-47,9 %-ն են։ Փոքրամասնություն են կազմում բաժնետիրական ընկերությունները, որոնք ակտիվ ՓՄՁ–ների կազմում զբաղեցնում են 2-2,1 %–ը, իսկ ընդհանուր ակտիվ տնտեսավարողների մեջ՝ 1,9 %–ը: Ինչո՞ւ բաժնետիրական ընկերությունները չեն զարգանում։
«Ընկերակցություններով բիզնես անելը, ընկերությունով և բաժնետիրական մոտեցումով բիզնես անելը այսօր շատ թերզարգացած են մեր երկրում։ Անկախ նրանից, որ մենք ունենք, պայմանականորեն ասեմ, ՀՆԱ–ի աճ, փորձագետները նշում են, որ արտաքին ազդակների և արտաքին եղած քաղաքականություններով է այդ աճը հիմնականում, սա այդ ցուցանիշն է, որ ցույց է տալիս, թե տնտեսությունում զարգացվածության ինչ աստիճան կա»։
2024-ի արդյունքներով՝ 72,294 տնտեսավարողներից ակտիվ ՓՄՁ-ներ եղել են 70,082–ը, իսկ 2025-ի արդյունքներով 75,323 տնտեսավարողներից ակտիվ ՓՄՁ–ներ են եղել 72,959-ը։ Ակտիվ ՓՄՁ-ների կազմում մեծամասնություն են գերփոքր՝ տարեկան մինչև 100 մլն դրամ հասույթ և մինչև 10 աշխատակից ունեցող տնտեսավարողները՝ ՓՄՁ-ների 82-83 %-ը: Իսկ ընդհանուր ակտիվ տնտեսավարողների կազմում դրանք կազմում են մոտ 80 %-ը։
Շրջանառության հարկը շատ քիչ դրույքաչափով է ավելացել։ Առանձին ոլորտներում, սակայն, դա նկատելի է։ Բացի դրույքաչաքփից՝ այստեղ էական է հարկային բեռի հաշվարկումը՝ ասում է Հակոբ Ավագյանը և անդրադառնում շրջանառության հարկին։ Աշխարհում տնտեսական լուծումները ստանդարտից դուրս են, ու Հայաստանն էլ պետք է անմասն չմնա։
Հիշեցնում է՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵՄ-ի հետ այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում․
«ԵԱՏՄ երկրների հետ սահման էլ չունենք։ Սա նշանակում է, որ այստեղ էլ ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Լուծումներն ուսանելի են, բայց որևէ մեկի լուծումը չպետք է տեղայնացնենք։ Շատ դեպքերում ասում են, որ, օրինակ, Ղազախստանում ամենաբարձր շեմն է, երկրորդ տեղում մենք ենք․ նկատի ունեն հարկ չվճարողներին։ Բայց միևնույն ժամանակ նայեք, որ Վրաստանում դեռևս փոքր բիզնեսների համար գործում է 1 % շրջանառության շեմը»։
Տնտեսության զարգացման համար արագ լուծում պահանջող հարցերը շատ են։ Տարածքների համաչափ զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման լավագույն լուծումը, ըստ փորձագետի, մարզերում ՓՄՁ զարգացումն է։