Վաղարշապատ համայնքի Այգեշատ գյուղում մասնակցային բյուջետավորման ծրագրով ֆուտբոլի դաշտ է կառուցվել: Գործը նախաձեռնել են գյուղի երիտասարդներն ու իրենց առաջարկով մասնակցել համայնքի կառավարմանը: Ֆուտբոլի դաշտի կառուցման համար ծախսվել է շուրջ 56 մլն դրամ։ Համայնքը տրամադրել է գումարի մեկ երրորդը: Մարզադաշտը բաց է հարևան բնակավայրերի ֆուտբոլասերների համար: Այգեշատում նախատեսում են նաև ֆուտբոլի անվճար խմբակ բացել:
Համացանցից կախվածությունն ու ֆիզիկական պասիվությունն առողջական տարբեր խնդիրների պատճառ են դառնում: Դրանցից ազատվելու լավագույն միջոցը մարզական ակտիվ կյանքով ապրելն է: Այգեշատի դպրոցի շրջանավարտ Լուիզա Վարդանյանը հասակակիցների հետ ցանկացել էր գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցել, որտեղ երիտասարդներն ու երեխաներն սպորտով զբաղվելու հնարավորություն կունենան:

«Որպես լիցքաթափման կենտրոն որոշեցինք կառուցել ֆուտբոլի դաշտ: Իմ կարծիքով ֆուտբոլի դաշտից կօգտվեն ոչ միայն երեխաները, այլև երիտասարդներն ու գյուղի բնակիչները: Օպտիմալ որոշում էր ֆուտբոլի դաշտի կառուցումը»:
Երիտասարդները նախաձեռնել են, գյուղի բնակիչները՝ քվեարկել նախագծի օգտին: Այգեշատում ֆուտբոլի դաշտը կառուցվել է Քասախ գետի ափին՝ նախկին դաշտի տեղում: Չնայած անհարմարություններին՝ այստեղ հաճախ էին երեխաները բաժանվում թիմերի ու խաղում՝ յուրաքանչյուրն իր սիրելի ֆուտբոլային ակումբի կամ մարզիկի մարզաշապիկով: Զրուցակիցներս 3-րդ դասարանցիներ են:

«Էն ժամանակ ֆուտբոլի դաշտը սարքած չէր»: «Այնտեղ ուղղակի խոտեր էին, անտառի նման խոտեր էին: Մենք այնտեղ չէինք կարողանում խաղալ: Ես մի անգամ եմ խաղացել, բայց գոհ չէի, սպասում էինք սարքելուն: Ձմռան սկզբից սպասում էինք, թե երբ է սարքվելու: Մենք սիրում ենք ֆուտբոլ խաղալ»: «Ես ֆուտբոլիստ եմ դառնալու, Կրիշտիանու Ռունալդուի նման» «Ես էլ»:

Երեխաներն ասում են, որ իրենք ֆուտբոլի մարզիչ էլ ունեն՝ ընկեր Դավիթը: Իսկ անտառի նմանվող խոտածածկ բաց տարածքն այժմ վերածվել է ֆուտբոլի մարզադաշտի՝ արհեստական կանաչ խոտածածկով ու ցանցապատված, անունն էլ՝ «Միասնության մարզադաշտ»: Այն բաց է համայնքի բոլոր բնակավայրերի ֆուտբոլասերների համար:

Ֆուբոլի դաշտը կառուցվել է նախկին Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման 2025թ ծրագրով: Բյուջեն շուրջ 56 մլն դրամ է, որի առյուծի բաժինը վճարել է կառավարությունը՝ ասում է Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:
«Մարզադաշտը տեղական ժողովրդավարության զարգացման գեղեցիկ օրինակ է: Այս առիթով շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը: Ծրագրի շուրջ 73 տոկոսը ֆինանսավորել է կառավարութունը և առաջնահերթություն է սահմանել տեղական ժողովրդավարությունը, որպես առաջնային ուղղություն, բնակիչների մասնակցությունը համայնքային կառավարման գործընթացում» :

Մինչև Խոյ համայնքին միանալը Վաղարշապատ համայնքի մասնակցային բյուջետավորման 2025թ պիլոտային ծրագրով նախատեսել էին համայնքապետարանի դիմացի այգում կառուցել ժամանցի վայր՝ բացօթյա կինոթատրոնով ու գրադարանով: Փորձնական ծրագրի ամբողջ ծախսը՝ 5 մլն դրամը, վճարելու է համայնքապետարանը: Աշխատանքները դեռ չեն ավարտվել՝ ասում է ծրագրի պատասխանատու Մանվել Մելիքյանը:

«Նստարանները տեղադրված են, բեմը հավաքված է: Մեզ արդեն մնում է ձեռք բերել կինոդիտումների համար անհրաժեշտ սարքավորումները, այն պարագաները, որպեսզի կարողանանք արդեն շահագործել»:

Այս տարի մասնակցային բյուջետավորման շրջանակում Վաղարշապատ համայնքում ներկայացված 10 ծրագրից հաղթող է ճանաչվել Մրգաստան գյուղի երիտասարդների առաջարկը: Գյուղում կառուցվելու է զբոսայգի՝ խաղահրապարակով, զրուցարանով, ճեմուղիներով և երիտասարդական կենտրոնի տաղավարով: Արժեքը 110 մլն դրամ է, որի 45 տոկոսը վճարելու է համայնքը: