Ընտրությունների անցկացման կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի ապրիլի 7-ին ընդունվել է սահմանադրական օրենք, որով փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում՝ քվեարկության և հաշվարկի ընթացակարգերի մեջ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի ապրիլի 7-ին ընդունվել է ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքը, որով լրացումներ և փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում։
Քվեաթերթիկների բացման ընթացակարգ
Օրենքի համաձայն՝ քվեաթերթիկների բացման ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր։
Օրենքում «սահմանված քվեաթերթիկի» տերմինը փոխարինվել է «սահմանված նմուշի քվեաթերթիկի» տերմինով։
Քվեաթերթիկների մարման նոր կարգ
Օրենքի համաձայն՝ ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ) պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը։
Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր։
Անվավեր քվեաթերթիկների նոր չափանիշներ
Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։
Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկն անվավեր է, եթե ծրարը պարունակում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։
Կուսակցությունների դաշինքների անվանումների սահմանափակումներ
Օրենքի համաձայն՝ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել՝
- անձնանուն,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր,
- վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։
Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 7-ին՝ անմիջապես, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։