«Հնագույն ժողովուրդների էպոսները հոգևոր են: Դրանք առ Աստված աղոթական խոկումների, տիեզերաճանաչողության և մարդու աստվածային կոչման մասին մեկնություններ են»,- կարծում է հայագետ, մշակութաբան, «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի հեղինակ Արթուր Արմինը, ում հետ զրուցել ենք «Սասնա Ծռեր» էպոսի, Մհերի դռան արձանագրության, արված բացահայտումների մասին։
– Երբ Կինոյի տանը տեղի ունեցավ «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի պրեմիերան, դահլիճը լեփ-լեցուն էր։ Սպասո՞ւմ էիք նման արձագանքի։
– Ճիշտն ասած, չէի սպասում։ Գիտական, վավերագրական ֆիլմ է, և կարծում էի, որ մարդիկ 5-10 րոպեից կհեռանան՝ նյութի ծանր լինելու հետևանքով, բայց տեղի ունեցավ հակառակը․ մինչև վերջ մնացին։ Մարդիկ զգում են իրենց արմատը, սկիզբը։
Մհերի դռան արձանագրությունը ծիսական տոնացույց-օրացույց է։ Ես գտա, որ ցուլերի և խոյերի զոհաբերությունների թվաքանակները մաթեմատիկական և երկրաչափական օրինաչափությունների հիման վրա են։ Ցուլերն ու խոյերն ունեն աստղագիտական նշանակություն։ Ամեն ցուլը դրակոնյան մեկ կիսամյակ է նշանակում։ Իսկ խոյերի ընդհանուր թվաքանակը լուսնային տարվա օրերի թիվն է։ Մհերի դռան վրա՝ մեզանից շուրջ 3000 տարի առաջ, առաջին ամիսը սկսվում է Արեգ ամսով, վերջանում է Մեհեկանով, այսինքն՝ փետրվար ամսով։ Մարտի 21-ով սկսվում է, փետրվարի 21-ով ավարտվում։
– Երբվանի՞ց Մհերի դուռն ու արձանագրությունը գրավեցին Ձեր ուշադրությունը։ Մենա՞կ եք այս ուսումնասիրությունը կատարել։
– 2007թ․ պատմաբան Արտակ Մովսիսյանն ինձ ուղարկեց Հայոց պատմության քրիստոմատիան, թերթեցի և առաջին էջում տեսա Մհերի դռան արձանագրության թարգմանությունն ու անկախ ինձանից սկսեցի հաշվել խոյերի, ցուլերի թվաքանակը ու միանգամից տեսա մաթեմատիկական, երկրաչափական փոխհարաբերությունը։ Հետո, երբ Արտակը զանգեց, հարցրի, թե այդ մասին ինչո՞ւ չեն գրել, ասաց, թե նման բան չկա։ Հետո Մհերի դռան չափերն ինձ տվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ես էլ գնացի, իմ ձեռքով չափեցի ու գտա, թե որն է ուրարտական չափը։ Պարզվեց՝ դռան լայնությունն ու բարձրությունը ոսկու հատման հարաբերակցությամբ է սարքված։
Կարծում եմ՝ Մհերի դռան առեղծվածը 95-97 տոկոսով լրիվ բացահայտված է։

– Նշում եք, որ աստվածներին զոհաբերված խոյը նշանակում է մեկ օր։ Ինչպե՞ս հասկացաք։
– Թվով։ Մհերի դուռը 365-օրյա օրացույց է, և դա կոչվում է լուսնաարեգակնային օրացույց, և դրանք բոլորը հաշվարկված են աստեղատներով։ Խավարածիրի կամարը, որ երկու կեսով է պտտվում, բաժանվում էր 5-օրյա կամ 10-օրյա ինտերվալների, և, որ աստեղատուն-աստվածը դուրս է գալիս արևի ելքով, արևի ճառագայթներից մի քանի տասնյակ րոպե առաջ, դա իր զրոյական կետն է։ Հաջորդ օրը 4 րոպե ավելի շուտ է դուրս գալու։
– Աստղերից եք խոսում, օրինակ, Քարահունջը որոշ հնագետներ աստղադիտարան չեն համարում։ Դուք ի՞նչ կասեք։
– Նա, ով ասում է, որ աստղադիտարան չի եղել, այլ դամբարան է, ինքն ապացուցեց, որ աստղադիտարան է։ Եթե դամբարան է, ուրեմն աստղադիտարան է։ Ըստ հին հավատամքի՝ թագավորը, հերոսը, քրմապետը, կարճ ասած, մահանալուց հետո գնում է իր աստծո մոտ, որն աստեղատունն է։ Դամբարանը, տաճարը, սրբատեղին և աստեղատունը մեկ ամբողջ կոմպլեքս է։
Հին ժամանակներում ի՞նչ էր նշանակում աստղադիտարանը կամ աստղագիտությունը․ իրենց թվում էր՝ Քարահունջում Բյուրականի աստղադիտարանի ոսպնյակն էին գտնելու, ասեին՝ հա, աստղադիտարա՞ն է։ Հնագույն աստղագիտությունն ունեցել է մեկ ֆունկցիա՝ չափել ժամանակը, որն օդի նման անհրաժեշտ էր։ Գարնանացան, աշնանացան, երեխայի ծնունդ, թաղումից հետո 7 օր պահել… այս ամենը հեթանոսությունից է գալիս։ Մարդիկ արևի դիրքով՝ այն, թե հորիզոնից ինչքան է բարձր, ժամը կարողացել են որոշել։ Հրաչյա Աճառյանի խոսքն ասեմ. գյուղացուն ասում է՝ ե՞րբ ես վաղը դուրս գալու, պատասխանում է՝ երբ գութնի աստղը երաց՝ ես արդեն հանդում պետք է լինեմ։ Հիմա այս գյուղացին աստղագետ չէ, բա ի՞նչ է։ Գութանի աստղն այսօրվա Խոյ համաստեղությունն է։ Ժամը ըստ աստղերի են որոշել, ու հորից որդի փոխանցվել է։ Իսկ դամբարանն ընդհանրապես պետք է կապված լինի հին հավատքի, աստղագիտության հետ։ Այնպես որ, ես չեմ հասկանում աբսուրդի հասնող հակասական խոսակցությունները։
– Հետաքրքիր է, որ «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին աստվածներ եք համարում։
– Դրանք աստվածներ են։ Դեբիլները, երբ «Սասնա Ծռեր» էպոսի մասին են խոսում, դա արդեն զայրացնում է։ Հնագետ, արևելագետ Հովսեփ Օրբելին ասել է, որ հայկական էպոսի հերոսներն աստվածներ են, և հայկական էպոսն ավելի հին է, քան հունականը, ու բերում է կարևոր օրինաչափություն։ Ավելի հին, արխաիկ աստվածներն օժտված են լինում մեկ ֆունկցիայով, որովհետև մեր էպոսում ամեն հերոս-աստված մեկ ֆունկցիա ունի։ Հունական Զևսը և՛ դատավոր է, և՛ շանթարձակ. մի 10 ֆունկցիա ունի. նշանակում է՝ նա ջահել է։
Այնինչ, ասում են, որ էպոսի հերոսները պատմական անձինք են․ քեռի Թորոսն իբր Թորոս Ռշտունին է, Դավիթը՝ Դավիթ Բագրատունին։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ էպոսի հիմքում պատմական հերոսներ են, ապա հարց եմ տալիս, իսկ վիշապը ո՞ր պատմական հերոսն է, կարո՞ղ է քեռիդ էր։ Ամպրոպի աստվածության զենք կայծակ-թուրը բա։
Պետք է հասկանալ ու ճիշտ գնահատել․ ոնց որ ունենաք ոսկի, բայց պղնձի տեղ օգտագործեք։ Վատ բան է, ինչպես նաև հանցագործություն է համաշխարհային գիտության նկատմամբ։
Սասունցի Դավթի արձանի մասով ասում եմ՝ հասկանո՞ւմ եք՝ սա 50-60․000 տարվա ամպրոպի աստվածության արձանն է։
Այն ամբողջովին աստվածների մասին է, կրոնադիցապատում է, էպիկական պատումը ո՞րն է։ Այն պետք է կոչել հնագույն դիցավեպ, որը մեր ծննդյան վկայականն է, կրոնական աշխարհաճանաչողությունը։
– Հիմա Սանասարն ու Բաղդասարը կամ Ձենով Օհանն ինչի՞ աստվածներ են։
– Բոլոր հնդեվրոպական երկվորյակները՝ Ինդրա և Ագնի, երկվորյակ եղբայրներ են, շումերականները՝ ևս։ Մեր Սանասարն ու Բաղդասարը վերցնենք․ մեկն արծաթ է։ Սանասարն արծաթյա շրջան է։ Էպոսի պատումներից մեկում ասում է՝ ի՞նչ պետք է տան իմ գլխի համար, ասում են՝ քո գլխի համար՝ կես պղինձ, ձիուդ համար՝ մեկ, նա զայրանում և ասում է, որ՝ ոչ, երեք արծաթ՝ իմ գլխի, և երկու արծաթ՝ ձիուս համար։ Այդտեղ կա երրորդության խորհուրդը։ Հերոսները հերթով ցույց են տալիս, թե իրենք ով են։

Հովսեփ Օրբելին առաջինն էր, որ ասաց՝ մեր հերսներն աստվածներ են։ Ցռան Վերգոն անձրևի աստվածությունն է, Ձենով Օհանը՝ ցուլի։ Ինքը ցուլի կաշին է քաշում ու գոռում։ Առյուծ Մհերն «Առյուծ» համաստեղությունն է։ Այս երեքը որ դնենք, դա կոչվում է գարնանային գիշերահավասար, ամառային արևադարձ, ձմեռային արևադարձ։ Մնում է հակառակորդը՝ Մըսրա Մելիքը, աշնանային գիշերահավասարը։
Այսինքն, «Սասնա Ծռեր» էպոսի հերոսները վաղնջական ժամանակներում հանդես են եկել որպես աստվածներ։ Ծովինարը՝ տիեզերական նախաջրերի աստվածություն, երկվորյակներ Սանասար և Բաղդասարը՝ ջրածին-հրածին էակներ, որ պայքարում են երկնային ու անդրաշխարհի վիշապների հետ: Քեռի Թորոսը նույնանում է հողմափոթորկի աստվածությանը, որն իր վեցոտանի նժույգով, մեկ օրվա մեջ հարյուրավոր կիլոմետրեր անցնելով՝ հայտնվում է Վան, Արզրում, Կարս քաղաքներում: Իսկ Ձենով Օհանը, Ցռան Վերգոն, ըստ ակադեմիկոս Հ. Օրբելու, ամպրոպի և անձրևի աստվածություններ են: Նույնիսկ »թշնամին»՝ Մըսրա Մելիքը, նույնպես հանդես է գալիս որպես աստվածություն: Այս աստվածությունն աղերսվում է լուսնային տարվա՝ 360 օրվա հետ. Մելիքի գուրզը երեք հարյուր վաթսուն լիտր է կշռում:
Ծովինարն ինչի՞ց հղիացավ, 1,5 բուռ ջրից։ 9 ամիս, 9 օր, 9 ժամ հետո ծննդաբերեց, ունեցավ երկվորյակներ։ Երկվորյակներից հետ գնացեք՝ կհասնեք Կույսի համաստեղություն։ Կամ՝ ասում է՝ 40 ճյուղ դեղձուն ծամ։ Եթե բաբելական աստղացուցակը բացեք՝ գրված է ճյուղ ծամ՝ առյուծի հետևը կանգնած ծառ կամ աղջիկ է նկարված։ Սալիկների նկարները նույնիսկ կան։ Մեր աստվածներից 12-ի նկարները 1995թ. հայտնաբերվել են Վանի Վերն Անձավ հնավայրում։ Թագավորական վահան են գտնում՝ կոտրված, և ինչպես Մհերի դռան արձանագրության մեջ են աստվածները շարված, այս վահանին տեսնում ենք 12 աստվածների նկարները՝ յուրաքանչյուրը կանգնած իրեն համապատասխան կենդանու վրա։ Համեմատում ենք բաբելականի հետ, տեսնում՝ այդ օրը, այդ ժամին այծ է բարձրանում, հաջորդականությամբ վահանի վրա այծի վրա կանգնած աստվածն է և իր անունը Տուրք է։ Տորք Անգեղ չէ, Տուրք Անգեղ է։ Անգղ համաստեղության դիմացն է Անգեղյա Տուրքը։