Նոր ձևաչափով իրականացվող խոշոր նախագիծ, որն իր ձևաչափով առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Օրերս ներդրումային ոլորտում նախադեպային համաձայնագիր է ստորագրվել։ Առաջին անգամ ֆինանսական վեց հաստատություններ միավորել են ուժերը` աջակցելու Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը։ Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները 300 միլիոն դոլարի ֆինանսավորում կհատկացնեն Firebird AI ընկերությանը՝ տվյալների կենտրոն կառուցելու նպատակով:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերն ուղիղ փոխառության միջոցով մասնակցում են ուղեղային կենտրոնի ստեղծմանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում C-Quadrat Ampega Asset Management Armenia–ի կառավարիչ Պետրոս Մարգարյանն ընդգծում է, որ նման ձևաչափով իրականացվող ծրագիրն առաջին խոշոր ներդրումային նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
«Առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերն ուղիղ փոխառության կամ ուղիղ պարտքի միջոցով մասնակցում են Firebird AI ընկերության մեծ պրոյեկտին՝ տվյալների կենտրոնի կառուցման պարտքի տեսքով և ֆոնդի՝ մոտավորապես 2 տոկոսի չափով, այսինքն` 35 միլիոն դոլարի չափով այդտեղ է գումար ուղղվում»։
Մարգարյանի խոսքով՝ կենսաթոշակային ֆոնդերի շահառուները կայուն եկամուտ կստանան, նախագիծն ուղղակի և անուղղակի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը շուրջ 450 մլն դոլար է, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական կառույցի (Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթ Բանկ, C-Quadrat Ampega Asset Management Armenia եւ Amundi-ACBA Asset Management) համատեղ ֆինանսավորման միջոցով։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան․
«Նախաձեռնությունը, իհարկե, պատմական է, քանի որ առաջին անգամ է նման խոշոր գործարք կնքվում ֆինանսական 6 կառույցների միջև։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանում ոչ միայն ՏՏ ոլորտն է օգտվելու մեր նախաձեռնությունից, այլ նաև ֆինանսաբանկայինը։ Այս ծրագրի հաջողությունը հաջողություն է բերելու նաև տնտեսության մյուս ոլորտներին»։
ԿԲ նախագահը կարևորում է հանգամանքը, որ բանկային համակարգն ունի բավարար միջոցներ նման մեծ բիզնես-ծրագիր ֆինանսավորելու համար։
«Մի քանի օր առաջ բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին մեկ սինդիկացված վարկ՝ 300 մլն դոլարի։ Այսինքը՝ եթե իրական հատվածում կան մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը՝ չափի և կարողությունների առումով, կարող են դրանք ֆինանսավորել»։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նախագծի նշանակությունը կարևորում է երկրի տեխնոլոգիական զարգացման և գիտատեխնիկական ներուժի ամրապնդման տեսանկյունից։ Հայաստանը կդիրքավորվի որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։Նախարարի խոսքով՝ Firebird-ի կենտրոնները կմատակարարեն բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածքներ՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական չափանիշների վրա։
«Firebird-ը դառնում է NVIDIA–ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թ․ից սկսել ծրագրի իրագործումը։ Հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսում իրականացնել, որը ենթադրում է նաև մինչև 100 մեգավատտ էլեկտրաէներգիայի սպառում»։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն ընդգծում է՝ եթե ծրագիրը կյանքի կոչվի և զարգանա, էական փոփոխություններ կապահովի Հայաստանի տնտեսության և տնտեսական աճի կառուցվածքում․
«Դա նշանակում է, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ տեխնոլոգիական գործոններն ավելի լուրջ դերակատարում կունենան, բիզնես կարգավորումները, բիզնես մտածողությունը և բիզնեսի առաջնահերթությունները ձեռք կբերեն նոր դրսևորումներ՝ ի դեմս տեխնոլոգիաների։ Այս շրջանակում, իսկապես, նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Իհարկե, դա կպահանջի համապատասխան իրավական կարգավորումներ, միջազգային համաձայնագրեր, արդեն եղած համաձայնագրերի լուրջ վերանայումներ, որովհետև բիզնեսի այս ուղղությունը ենթադրում է տվյալների պաշտպանության նոր համակարգ, ենթադրում է կրթության և գիտելիքի կառավարման նոր համակարգ, և փոխկապակցված այս ուղղությունների շրջանակում էական լուրջ տրանսֆորմացիաներ են սպասվում, կարծում եմ»։
Ներդրումային ծրագրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը՝ ողջունելով արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ ։
Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ծրագրին և դրա շրջանակում կնքված վարկային համաձայնագրին անդրադարձել է նաև Bloomberg միջազգային հեղինակավոր պարբերականը:
Պարբերականը հիշեցրել է, որ նախաձեռնության հիմքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության ու կիսահաղորդիչների ոլորտներում ստորագրված երկկողմ համագործակցության հուշագիրն է։