Հայ-ադրբեջանական 4-րդ փոխայցն է կայացել․ մինչ փորձագետներն ակտիվացնում են շփումները, Ալիևը ՀՀ այցելել չի պատրաստվում

Հայաստանից 20 հոգանոց պատվիրակություն է մեկնել Ադրբեջան։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներն են՝ քաղաքագետներ, լրագրողներ, հանրային գործիչներ։ Փոխայցերի նպատակն է շարունակել երկխոսությունն ու ուղիղ շփումներն Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակությունների միջև։ Այդ երկխոսությունն ընթանում է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հաստատած  եռակողմ օրակարգի շրջանակում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման փոխայցեր կայացել են արդեն մի քանի անգամ։ Վերջինը փետրվարի 13-14–ին Ադրբեջանից խմբի գալն էր։ Որպես հետաքրքիր զուգահեռ՝ կարելի է նկատել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ի տարբերություն քաղհասարակության ներկայացուցիչների, բաց են թողնելու առաջիկայում Երևանում հանդիպելու հնարավորությունը։

ՀՀ 20 անձնագրում այս անգամ դրվեց հայ-ադրբեջանական սահմանը հատելու փաստը հաստատող կնքիը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներն կրկին սահմանը հատել են Տավուշի  սահմանազատված հատվածով՝  Կիրանցի և Ոսկեպարի միջև ընկած տարածքով, ադրբեջանական Աշաղը Ասկիպարայով՝ սահմանապահների հսկիչ կետերն անցնելով ոտքով։ Սահմանազատումը համակարգում են սահմանապահ ծառայությունները՝ անվտանգության երաշխիքներ ապահովելով։

Այս տարածքով սահմանը հատելը խորհրդանշական է, քանի որ հենց այստեղ է իրապես սահմանագծում արվել։  «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան կողմի համակարգող, քաղաքագետ Արեգ Քոչինյան․

«Ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց մեր ֆորմատում։ Այսինքն` մեր փորձագիտական քննարկումների ժամանակ էր այդ գաղափարը ծնվել, և երկու երկրներում մայրաքաղաքները, ըստ էության, ողջունել են և իրականություն են դա դարձրել»։

2026թ. փետրվարի 13-ին ադրբեջանական պատվիրակության անցումն այս հատվածով վերջին 35 տարում առաջին դեպքն էր, երբ քաղաքացիական խումբը ցամաքային ճանապարհով հատեց հայ-ադրբեջանական սահմանը։ Այս անգամ հերթը հայկական պատվիրակությանն էր։ Քաղաքագետների, լրագրող–խմբագիրների և հանրային գործիչների 20 հոգանոց խումբը Ադրբեջանում ապրիլի 10-12-ին կլոր սեղանի կմասնակցի։

Սա այս ֆորմատով  4–րդ այցելությունն է։

Հանդիպման օրակարգում են քննարկումներ խաղաղության գործընթացի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության քայլերի ու դրանց արդյունքների վերաբերյալ։ Առանձին նիստեր կնվիրվեն խաղաղության հանդեպ վստահության ամրապնդմանը։ Այս փոքր քայլերով փորձում ենք ձևավորել աշխատանքային ձևաչափեր և ավանդույթներ՝ ավելի վաղ ասել էր Արեգ Քոչինյանը։  

«Մենք այլևս կարող ենք խոսել ձևավորված ֆորմատի մասին, այլ ոչ թե մեկանգամյա, երկուանգամյա կամ երեքանգամյա որևէ նախաձեռնության մասին։ Սա իր կանոնները ունեցող, իր՝ այլևս ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է և շարունակվելու է։ Այս առումով ես բավականին կարևոր եմ համարում նաև այն, որ կողմերը բացի բուն այս հանդիպումներից նաև անում են բավականին լուրջ տնային աշխատանք։ Մենք մեր երկու երկրներում համապատասխան, պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում։ Այսինքն, այս բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար։ Նաև նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին։ Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, համատեղ հետազոտություններ, այլ համատեղ նախագծեր ենք քննարկում, որոնք որ շուտով իրականություն կդարձնենք»։

Կողմերի շփումներում միջնորդ չկա, կազմակերպվում է երկու երկրների պետական ֆինանսավորմամբ։ Նախաձեռնության մասնակիցները հանդիպումներից հետո վստահեցնում են, որ  զրույցներում կաշկանդված չեն բարձրաձայնելու  անգամ ամենազգայուն հարցերը, օրինակ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների կամ անհետ կորածների թեմաները։  Ընդ որում, այս ընթացքում  մեղադրական տոնը նվազել է, և անգամ տարբեր կարծիքների դեպքում քննարկումներն   ավելի հանդարտ են՝ նկատում են մասնակիցները։ Քոչինյան․

«Շատ հաճախ մենք տեսնում ենք քննադատություն, որ փորձում եք անցյալը ջնջել, մեր ցավը մոռանալ, փորձում եք խմբագրել և այլն, և այլն։ Այստեղ ես շատ կարևոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը և՛ մեր հասարակությունում, և՛ իրենց հասարակությունում կա։ Դա չէ նպատակը։ Այս ձևաչափի նպատակն է այդ ամբողջ բեռին զուգահեռ, որ ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձել ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, պրոյեկտներ, քննարկումներ։ Փորձել ձևավորվել «դրական թղթապանակ», եթե կուզեք՝ միևնույն ժամանակ փորձելով նաև աջակցել առկա խնդիրների կարգավորմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչ–ինչ գաղափարներ առաջարկելով»։  

Խաղաղության հանդեպ վստահության ձևավորումը երկու հասարակություններում, սակայն, հեշտ գործ չէ։ Օրինակ, հայ հանրության մի մեծ շրջանակ դեռ չի հավատում հաստատված խաղաղությանը․ նման տեսակետի է, օրինակ, Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։  

«Ես մասնակցել եմ բանակցություններին, ես գիտեմ խոսքերի արժեքը, և եթե խաղաղություն բառը չի ամրապնդվում ուժով, այն արժեք չունի։ Առանց հավասարակշռության զիջումները խաղաղություն չեն բերում, դրանք նոր պահանջներ են առաջացնում։ Սա փակուղի է, և մենք պետք է դա կանխենք։ Անվտանգության գործնական բանաձևն է` հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ։ Նման քաղաքականությունը անհնար է առանց արտաքին հենարանների»։

Հայաստանի մեկ այլ նախկին արտգործնախարար՝ Զոհրաբ Մնացականյանը, նույնպես անդրադարձել է խաղաղության հեռանկարներին։ Իր  հոդվածում նա վերլուծել է TRIPP նախագծի նշանակությունը Հայաստանի համար և գնահատում արել, որ Հարավային Կովկասում առևտրի խթանման և դիվերսիֆիկացիայի  հնարավորությունները, բացի մաքուր տնտեսագիտությունից,  ամուր հիմք են տարածաշրջանային ինտեգրման և  կայուն անվտանգության համար։

Մինչ քաղհասարակությունները փորձում են շփման հիմքեր ստեղծել, Հայաստանի և Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարությունն, ըստ ամենայնի, բաց է թողնելու հերթական հանդիպման հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահն աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով Երևանում մայիսի սկզբին չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, պատվիրակություն էլ չի գործուղվի։ Այս փաստին Հայաստանի ղեկավարությունը ըմբռնումով է մոտենում։ «Ռադիոլուր»–ի հարցը պարզաբանելիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը մեկ գործողությունով չի հաստատվում։

«Ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք մոտ 40–ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40–ամյա թշնամանքը այդպիսի բա՞ն է, որ ասենք՝ անջատիչը անջատեցինք և վերջ։ Դա պրոցես է, որը պետք է գնա։ Ես վստահ չեմ, որ այս տարի Բաքվում լիներ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը․․․Այսինքն նախորդիվ COP կար, ես չգնացի և Ադրբեջանից նույն կերպ հայտարարություններ հնչեցին՝ բա արդյո՞ք սա մտահոգիչ չէ, որ և այլն, և այլն աս խաղաղության միջավայրում։ Նկատի ունեմ դա պրոցես է»։

Վարչապետը նաև հաստատել է, որ սահմանազատման հանձնաժողովներն, ըստ ության, մշտապես աշխատում են, և աշխատանքը պարտադիր չէ, որ դեմ առ դեմ տեղի ունենա։ Նա չի համարում, որ հայ–ադրբեջանական աշխատանքները դանդաղել են։ Երբ հեռավար աշխատանքից բխող հանդիպման անհրաժեշտություն առաջանա, կլինի նաև հանդիպում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Leave a Comment