Այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածի և տուժածների ինքնությունը պարզվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ.-ն։
Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ի ուղևորներն ազգականներ են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով կա 6 զոհ, 5 տուժած:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: