
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ։ Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստական ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ՌԴ դեսպանի՝ ԿԸՀ-ում հյուրընկալվելու մասին լրագրողի հարցին։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Վ. Հովակիմյանի խոսքով, այսօր արդեն առաքելության առաջին 14 անդամների վկայականները պատրաստ են, և ԱԳՆ-ի միջոցով կփոխանցվի ԱՊՀ գործընկերներին։
«Ռուսաստանի ԿԸՀ-ն արդեն մեր հրավերով է ժամանում։ Մենք բոլոր մեր գործընկեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»,- ասաց Վ. Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևը ապրիլի 9-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։