Այրըմ․ Եթե Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղություն հաստատվի, հայ-թուրքական սահմանն էլ կբացվի

Այրըմ․ Եթե Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղություն հաստատվի, հայ-թուրքական սահմանն էլ կբացվի

10 ապրիլի 2026 – 10:54 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի և երկարաժամկետ կարգավորման ձեռքբերման դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ընթացքում, որը կայացել է Միլի մեջլիսում, հայտնում է APA-ն:

Նա ընդգծել է կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում թյուրքական պետությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների համագործակցությունը ռազմավարական նշանակություն է ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում։

Այրըմը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համակարգված քայլերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Նրա խոսքով՝ Արևելյան Միջերկրականում լարվածությունն ու Կիպրոսի խնդիրը առավել մեծացրել են այս ռազմավարական նշանակությունը, և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է համատեղ համագործակցություն։

Շամիլ Այրըմը նաև նշել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով միջխորհրդարանական բարեկամության կառույցների կարևոր դերը համագործակցության ամրապնդման և թյուրքական աշխարհում համատեղ գործունեության զարգացման գործում։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a Comment