Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է՝ կառավարության նիստին հաջորդած ասուլիսում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի աղմուկ հարուցած հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը։
Վարչապետի խոսքով՝ այս փուլում հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանային անվտանգության որոշակի ընկալում կարող է ձևավորվել, ինչը, Փաշինյանի կարծիքով, լավ է, քանի որ առանձին վերցված երկրում անվտանգություն չի լինում։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված խաղաղությունն անվտանգության երկկողմանի երաշխիք է, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ձևակերպելով՝ Ադրբեջանը պայմանագիրը կնքել է իր համար՝ որոշակի անվտանգության լծակ ստեղծելով նաև Հայաստանի համար։
Խաղաղության հաստատման ջանքերով հանդերձ՝ Երևանում մայիսին սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու, նաև պատվիրակության այց նախատեսված չէ։ «Ռադիոլուրը» հետաքրքրվեց՝ արդյոք այս փաստը մտահոգիչ չէ՞ նաև այն համատեքստում, որ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան շփումները, կարծես, դանդաղել են։ Օրինակ՝ տևական ժամանակ սահմանազատման հանձնաժողովների հանդիպում չի եղել։ Փաշինյանը հիշեցրեց՝ Բաքվում էլ COP-ի միջոցառումն անցկացվեց, որին ինքը չգնաց, և Ադրբեջանում էլ նույնպիսի մտահոգություններ հնչեցին։
«Մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում, այսինքն՝ այդ 40-ամյա թշնամանքը այնպիսի՞ բան է, որ, ասենք, անջատիչը անջատեցինք և վերջ։ Դա պրոցես է, որը պետք է գնա»։
Ինչ վերաբերում է Սահմանազատման հանձնաժողովներին, ապա Փաշինյանն ասաց, որ դրանք մշտապես աշխատում են, և պարտադիր չէ, որ այդ աշխատանքն առերես տեղի ունենա։ Երբ անհրաժեշտություն լինի, հանդիպում էլ կկայանա՝ ասաց։
Հայաստանում է Ղազախստանի պատվիրակությունը՝ արտգործնախարարի գլխավորությամբ։ Արդյոք հանդիպումների օրակարգում ներառվա՞ծ է երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ղազախական կողմին փոխանցելու հարցը՝ անկախ ռուսական կողմի մոտեցումից։ Վարչապետը հարցին այսպես արձագանքեց.
«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության։ Համենայնդեպս, այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը»։
Ղազախական պատվիրակությունը մինչև Հայաստան ժամանելն էլ եղել է Բաքվում, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է TRIPP-ի իրագործման հեռանկարները։ Ի՞նչի մասին է խոսքը, երբ TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն է։ Դիտարկմանն ի պատասխան վարչապետը նկատեց, որ Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը նախագծի վերաբերյալ և միակ երկիրը չէ, որ հետաքրքրված է և դա բնական է, քանի որ այն միջազգային հաղորդակցության նոր ուղի է, որում ներդրումներով կարող են հետաքրքրված լինել։
«Այսինքն՝ տրանսպորտային ցանցի աշխատանքի հեռանկարների հուսալիության մասին է խոսքը։ Այսինքն՝ պոտենցիալ օգտագործողները պիտի գան տեղում հասկանան, և բնականաբար, այդ ներդրումները, օրինակ՝ Ադրբեջանում էլ կարող են լինել, Հայաստանում էլ կարող են լինել, բայց որպեսզի համոզվեն, որ այդ ներդրումների ետգնումը տեղի՞ է ունենալու։ Մի անգամ էլ տեղում են ուզում հասկանալ՝ իրո՞ք խաղաղության տրամադրությունը խորն է և լուրջ, իրո՞ք, փոխադարձ ներդրումները փոխադարձաբար, օրինակ, կարո՞ղ են խնդիր առաջացնել, թե՞ չէ, և այլն»։
Հարևան Իրանի մասին. վարչապետը ողջունել է հաստատված հրադադարը։ Փառք Աստծո, որ դա, դժվարությամբ, բայց տեղի ունեցավ։ Մինչև այդ էլ, երբ ԱՄՆ նախագահը կոշտ հայտարարություն արեց Իրանը ոչնչացնելու մասին, Հայաստանում ԱԽ-ի նիստ է հրավիրվել՝ անելիքները հասկանալու համար։ Թեպետ այդ նիստի մասին չի հրապարակվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չեն տեսել։
«Փորձել ենք այդ հայտարարությունը գնահատել, մեր դիվանագիտական կապուղիներով մեր ունեցած տեղեկատվությունը գնահատել և այլն, և այլն։ Այսինքն՝ այդ աշխատանքի մեծ մասը գաղտնիության ռեժիմում է տեղի ունենում և բովանդակությունն էլ ամբողջությամբ գաղտնի է, բայց ընդամենը այսքանը կարող եմ ասել»։
Վարչապետի մոսկովյան այցին տարատեսակ քննարկումներ հաջորդեցին, նաև՝ քննադատություններ։ Պատճառը այցից հետո ռուսական կողմի կոշտ արձագանքներն էին, որից ելնելով ընդդիմադիրները Պուտին-Փաշինյան հանդիպումը գնահատեցին տապալված։ Բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ, բայց նման գնահատականների հետ Փաշինյանը համաձայն չէ, կրկնեց, որ այցը շատ հաջող է համարում, պայմանավորվել են հունիսի երկրորդ կեսինկրկին հանդիպել բարձր մակարդակով։
«Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք։ Մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով»։
Լրագրողները նաև կուլիսային հանդիպման մասին հետաքրքրվեցին։ Կուլիսային հանդիպումներ չեն եղել, եղել է ճաշ, որի ընթացքում՝ բարեկամական զրույց՝ ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ նախորդ ասուլիսում հրապարակային ներկայացրել է, ավելացնելու որևէ նոր բան չկա։
Ռուսական կողմից եղան հայտարարություններ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Փաշինյանն ասաց՝ իր տեսակետն այն է, ինչ ասվել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը։
Ինչ վերաբերում է հավանական ընտրությանը, ապա՝ «Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ»։
ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենար չի քննարկվում այս պահին։ Փաստն այն է, որ այս պահին կա համատեղելիություն։ Դիտարկմանը, թե Ռուսաստանն սկսել է վատ դրության մեջ դնել հայ տնտեսվարողներին, մասնավորապես՝ կոնյակի շուկայի տնտեսվարողներն են մեծ խնդիրների առաջ կանգնել և հարցին՝ եթե խնդիրներ լինեն, ինչի մասին խոսում են ռուս փորձագետները, ի՞նչ են անելու տնտեսվարողները, կամ եթե գազը թանկանա, ի՞նչ է անելու Հայաստանը, վարչապետը գերադասեց չարձաքանել։
«Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց էլի ուզում եմ ասել, որ ամեն դեպքի մասով պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել, որովհետև չի կարելի այսպես մեկ ընդհանուր պատկեր նկարագրել և այդ պատկերի «հովանոցի ներքո» վարկածներ առաջ քաշել։ Մենք նաև համաձայն չենք, որ այդ թվում նաև տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել»։
Ինչ վերաբերում է գազի հնարավոր թանկացման ռիսկերին. Ռուսաստանի հետ Հայաստանն ունի երկարաժամկետ պայմանագրեր, հետևաբար՝ դրա համար, վարչապետի խոսքով, որևէ հիմք չկա, կան հուսալի պայմանավորվածություններ։