Թեև ԱՄՆ-Իրան բանակցությունները արդեն ծրագրված են, և Պակիստանը պատրաստվում է ընդունելու կողմերին, սակայն, հնարավոր է, այդ բանակցությունները տեղի չունենան։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը վտանգի տակ է՝ կողմերի անհամաձայնությունների պատճառով։ Նրանք խոսում են համաձայնության բոլորովին տարբեր, հաճախ միմյանց տրամագծորեն հակասող պայմանների մասին։ Սրան զուգահեռ՝ Լիբանանում շարունակվում են ռազմական գործողությունները, ինչը, Թեհրանի գնահատմամբ, խաղաղության գործընթացն անիմաստ է դարձնում։
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որտեղ ուրբաթ պետք է անցկացվեն ԱՄՆ-Իրան բանակցությունները, անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվել։ Կառավարական «Կարմիր գոտին» փակ է, իսկ ապրիլի 9-ը և 10-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել։
Տարածվող կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահները ստուգում գրեթե բոլոր մեքենաները ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ։
Պակիստանյան թերթերի բոլոր գլխագրերը նույնն են՝ «Իսլամաբադը պատրաստվում է հյուրընկալելու հրադադարի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունները»։
Նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ, սակայն, նախադրյալները հուսադրող չեն։ Իրանական կողմը հայտարարում է, որ ԱՄՆ-ն արդեն խախտել է հրադադարի 10 կետերից 3-ը, ինչը խաղաղության գործընթացն անիմաստ է դարձնում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ ներկայացված առաջարկների մեջ ներառված է եղել նաև Լիբանանը, սակայն Սպիտակ տունն ու Իսրայելը դա մերժել են:
Ղալիբաֆը նշել է, որ ուրանի հարստացման իրավունքը ևս ներառված է 10 առաջարկների ցանկ: ԱՄՆ նախագահը, սակայն, պնդել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են, որ միջուկային ծրագիրը չի կարող գործել։
Նախօրեին հայտարարվել էր, որ բանակցություններին Իրանից կմասնակցի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջեյմ Դեյվիդ Վենսը: Իրանը հաստատել է իր մասնակցությունը: Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը, սակայն, նախատեսված հանդիպումից ժամեր առաջ ջնջել է բանակցությունների նպատակով Պակիստան մեկնող իրանական պատվիրակության մասին հաղորդագրությունը՝ տեղեկացնում է Fars-ը։
Իրանի դեսպանն ավելի վաղ գրել էր․ «Հակառակ իրանական հասարակության շրջանում առկա թերահավատությանը, ինչը պայմանավորված է իսրայելական վարչակազմի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով և դիվանագիտական նախաձեռնությունը ձախողելու փորձերով, իրանական պատվիրակությունն այսօր՝ երեկոյան, կժամանի Իսլամաբադ։ Այցը տեղի է ունենում Պակիստանի վարչապետի հրավերով՝ իրանական կողմի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով»։
ԱՄՆ նախագահը, որ ապրիլի 7-ը կարևոր օր էր անվանել համաշխարհային խաղաղության համար, այսօր սոցիալական գրառմամբ զգուշացրել է՝ եթե ինչ-ինչ պատճառներով երկշաբաթյա հրադադարի կետերը չկատարվեն, ապա կսկսվի ավելի մասշտաբային և ուժեղ հարձակում։ Ըստ նրա՝ ամերիկյան զինված ուժերը կմնան տարածաշրջանում այնքան, քանի դեռ լիովին չեն պահպանվել հրադադարի պայմանները:
Նա Truth Social հարթակում գրել է․ «Ամերիկյան նավերը և ինքնաթիռները ողջ սպառազինությամբ կմնան Իրանի շրջակայքում՝ արդեն էապես թուլացած հակառակորդի ոչնչացման համար, քանի դեռ լիովին չի պահպանվել ձեռք բերված համաձայնությունը»։
Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ տարակուսել է Իրանի խորհրդարանի խոսնակի այն հայտարարությունից, թե 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի 3 կետերը բացահայտորեն խախտվել են, և նման իրավիճակում բանակցություններն անխոհեմ են:
«Նա հիասթափված է երեք կետից, բայց դա իրականում նշանակում է, որ համաձայնեցված կետերն ավելի շատ են։ Բացի դրանից՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ ժամ անց իրանցիները մի շարք հրթիռներ արձակեցին։ Այնուհետև իսրայելցիները պատասխանեցին։ Սա հրադադարի բնույթն է։ Ոչ մի հրադադար երբեք շատ կայուն չի լինում։ Մենք հստակ ասել ենք, որ ուզում ենք դադարեցնել ռմբակոծությունները և ցանկանում ենք, որ իրանցիները նույնն անեն։ Մենք տեսնում ենք ապացույցներ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում»։
Հրադադարի շուրջ քննարկումներն ուղեկցվում են Լիբանանում շարունակվող ռազմական գործողություններով։ Այդ երկրի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական ավիահարվածներից զոհվել է շուրջ 300, վիրավորվել 1․000-ից ավելի մարդ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը կարևոր պայման է համաձայնության համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչդեռ պնդել է՝ Լիբանանը ներառված չէ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածության մեջ, և գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ շարունակվում են։