Արմավիրում կառուցվում են խմելու նոր  ջրագծեր — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիր համայնքի սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասն այս տարի կենտրոնացված է  Արմավիր քաղաքում: Լայնածավալ աշխատանքներ են նախատեսվել բազմաբնակարան շենքերի խմելու ջրագծերի կառուցման ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Կենտրոնի բազմաբնակարան շենքերի բակերն անհիշելի ժամանակներից չեն հիմնանորգվել: Մինչև բակերի բարեկարգումը փոխվում են խմելու ջրագծերը:

Արմավիր քաղաքի կենտրոնում  բազմաբնակարան շենքերի բակերն անբարեկարգ են։ Դրանք քամիների ժամանակ լցվում են փոշով, տեղումների ժամանակ ծածկվում ջրափոսերով: Այդ տարածքները մի քանի տասնամյակ չեն հիմնանորոգվել։ Փոքր-ինչ պահպանված ասֆալտն էլ քանդվել է 2000-ականների սկզբին՝ նոր ջրատար կառուցելու համար:  Բայց հայ-գերմանական  «Նոր ակունք» ծրագրի ջրագծերը երկար չծառայեցին․ երկաթե խողովակները, կոռոզիայի ենթարկվելով, հաճախ են վթարվում, որի հետևանքով դարձյալ   քանդվում են փողոցները: Այդ խողովակներով հոսող ջուրը բնակիչները  չեն խմում, օգտագործում են միայն կենցաղում՝ ասում է Սիրուհին:

«Ես միշտ Թալինի ջուր եմ գնում, իսկ մեր ծորակի ջուրը շատ անորակ է։ Եթե փորձես 5 լ ջուր եռացնել, մի քիչ ջուրը եռում է, սպիտակ աղը նստում է պատերին, մի աղաման աղ կարելի է հավաքել: Իսկ եթե լցնում ես ամանի մեջ՝  2-րդ օրը ամանի պատերը լպրծուն են դառնում, գարշահոտ է գալիս, տհաճ տիղմի հոտ.  կամ  խողովակաշարից է, կամ ջրից»:

Արմավիր համայնքի ու կառավարության համաֆինանսավորմամբ դեռ անցած տարի էր նախատեսվել քաղաքի կենտրոնում փոխել խմելու ջրագծերն ու ասֆալտապատել բակերը: Հիմա նոր ջրագծեր են կառուցում Հանրապետության ու Չարենիցի փողոցների 6 բազմաբնակարան շենքերի բակերում: Այդ աշխատանքները չեն խանգարում ընդհանուր ջրամատակարարմանը՝ ասում է շինաշախատանքների ղեկավար Մուշեղ Խաչատրյանը:

«Հին ջրագծերի հետ մենք ընդհանրապես գործ չունենք, հինը մնում է, մենք նորը միացնում ենք գլխավոր ջրագծին, այն հատվածներոնմ, որտեղ փոխել ենք: Հնի հետ ընդհանուր կապը խզվում է»:

Այսինքն՝ հին երկաթե ջրագծերը  նույնությամբ մնում են գետնի տակ,  զուգահեռ կառուցում  են պլաստմասսե խողովակներով նոր ջրագծեր:

«160 մմ  տրամաչափի խողովակով  գլխավոր ջրագիծն է անցկացվում, 110 մմ-ով՝ մուտքերի դիմացինը, իսկ 63 մմ տրամաչափով՝ մուտքերինը: Խրամուղիները փորվում են 1մ 20 սմ խորությամբ, հողը հետլիցք չի արվում, փոխարենը խողովակը ներքից ու վերևից ծածկվում է  ավազե շերտով ու ջարդած գլաքարով»:

Խրամուղիներից հանված հողը չի լցվում նույն փոսը, տեղափոխվում է այլ վայր: Խմելու ջրագծերի կառուցմանը հաճախ խոչընդոտում են կոյուղու խցանումները, որոնց վերացումը ժամանակատար է:  Իսկ նախագծով խմելու ջրագծերը  մոտ 2մ հեռավորությամբ են կառուցվում կոյուղագծից, երբեմն՝ ավելի մոտ:

«Աշխատանք ենք անում, մեզ համար էլ է այդ հոտը տհաճ, կողքը գործ ենք անում, այն կարող է լցվել մեր փորած փոսի մեջ: Մենք թույլ չենք տալիս, զեկուցում ենք, գալիս, վերացնում են խցանումը, որ մենք շարունակենք մեր աշխատանքը»:

Արմավիր քաղաքում կոյուղագծերն ավելի վատ վիճակում են, սակայն դրանք չեն ներառվում ենթակառուցվածքների բարելավման որևէ ծրագրում:

Նոր ջրագծեր կառուցողներն Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից են: Արդեն մի քանի տարվա փորձ ունեն, իրենց գործում  վարպետացել են: Կիրառում են նոր տեխնոլոգիաներ, որոնք  կրճատում են ժամանակն ու արագացնում գործընթացը:

«Հատուկ սարքով, որը տաքացվում է մինչև 320 աստիճան, պլաստմասսե խողովակները միացնում ենք իրար: Մենք փորձարկում ենք ծածկման աշխատանքներից հետո: Բարձր ճնշում ենք տալիս, փորձարկում խողովակները, եթե թերություններ կան,  վերացնում ենք: Բայց, փառք Աստծո, մինչև հիմա այդպիսի դեպքեր չեն գրանցվել: Շատ լավ է»:

Աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո դարձյալ սուբվենցիոն ծրագրով կսկսվի բակերի ասֆալտապատումը:  Արմավիր քաղաքի տարբեր թաղամասերում նախորդ տարիներին խմելու ջրագծերը փոխարինվել են նորով: Բնակիչները ջրի համային որոշ փոփոխություններ նկատել են, բայց որակը, ասում են,  չի փոխվել: Արմավիրցիները շարունակում են խմելու ջուրը գնել ջրի վաճառի սարքերից, որոնք լիցքավորվում են  Թալինի ջրով: Նրանք հույս ունեն, որ խմելու ջրագծերն ամբողջությամբ փոխելուց հետո Արմավիր քաղաքի  ջրի աղբյուրն էլ կփոխվի, և արտեզյան ջրի փոխարեն իրենք էլ ծորակից որակյալ ջուր կխմեն:

Leave a Comment