Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ զանգվածով չորս փաթեթ, որն ըստ նրա՝ մարիխուանա է։ Նա հայտնել է նաև, որ վեց փաթեթ արդեն տեղադրել է տարբեր տեղեր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 7-ին խուզարկվել է տղամարդու վարած «Ֆորդը»․ շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է նույն դեղնականաչավուն զանգվածով 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 30 գրամ էր։
Նախաքննությունը շարունակվում է։