Սկանդալ Գերմանիայում. Բունդեսվերը արգելում է տղամարդկանց լքել երկիրը

Զատկի ժամանակ գերմանական լրատվամիջոցները պարզել են, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները նոր պահանջ են առաջադրում՝ սահմանելով, որ 17-ից 45 տարեկան տղամարդիկ երկիրը երեք ամսից ավելի ժամկետով լքելու դեպքում պետք է Դաշնության Զինված ուժերի համաձայնությունը ստանան։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել հիմնական հարցին, թե ինչ նպատակ ունեն փոփոխությունները։

Ընդդիմադիր գործիչները մինչդեռ  փոփոխությունը հակաժողովրդավարական են որակում, նույնիսկ պահանջում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հրաժարականը։

Գերմանիայում Զատկական տոներին պարզել են, որ 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զորակոչի մասին օրենքի» փոփոխություններով Գերմանիայում փաստացիորեն կամավոր զորակոչ է ներդրվում։ Ըստ այդմ՝ 2008-ին և դրանից հետո ծնված Գերմանիայի բոլոր քաղաքացիները պարտավոր են լրացնելու հարցաթերթիկ, որով կհայտնեն զինվորական ծառայության իրենց պատրաստակամության մասին։

Երիտասարդ տղամարդկանց համար սա պարտադիր կլինի, իսկ կանանց համար՝ կամավոր: Ավելին՝ 2027-ի հուլիսի 1-ից  18 տարեկան բոլոր տղամարդիկ կհրավիրվեն պարտադիր բժշկական զննության՝ զինվորական ծառայության իրենց պիտանելիությունը որոշելու համար, նույնիսկ եթե չեն ընտրել կամավոր ծառայությունը: Բունդեսվեր կզորակոչվեն միայն նրանք, ովքեր կհայտարարեն ծառայելու  պատրաստակամության մասին։ Գերմանիայի կառավարությունն այս մոդելն անվանում է «կամավոր զորակոչ» և հույս ունի հաջորդ տասը տարիներին Բունդեսվերի թվաքանակն այժմյան 184․000-ից հասցնել 255.000-270.000-ի:

«Զինապարտության մասին» օրենքի 3-րդ հոդվածի թարմացված դրույթների համաձայն՝  կամավոր զորակոչի ենթակա 17 տարեկանից բարձր երիտասարդները պետք է թույլտվություն խնդրեն Բունդեսվերից, եթե Գերմանիայից ավելի քան երեք ամսով բացակայելու մտադրություն ունեն:

Նախկինում նման կարգավորում նախատեսված էր միայն ռազմական դրության կամ ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի դեպքում:

Հանրային դժգոհությանն արձագանքելով՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր,  որ նման պահանջ գործել է «Սառը պատերազմի ժամանակ, բայց գործնական նշանակություն չի ունեցել»: Նշվել էր նաև, որ պահանջը չկատարելու դեպքում «առայժմ պատասխանատվություն չի նախատեսվում»:

Նախօրեին էլ Իսպանիայի արտաքին գործերի նախարարն էր հայտարարել, որ ԵՄ-ն պետք է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին մտածի։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ դժգոհություններն ու ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքը եվրոպական երկրներին ստիպում է անվտանգության այլ ձևաչափեր փնտրելու:

Միջազգային մամուլը, վկայակոչելով պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտներից մեկի հաշվետվությունը, գրում է, որ Եվրոպան մոբիլիզացվում է ընդդեմ հնարավոր սպառնալիքների։

ԵՄ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Հինտարաս Բոգդոնասի գնահատմամբ՝ Ռուսաստանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի դաշինքի վրա հարձակվելու համար։ Նրա համոզմամբ՝ ՌԴ իշխանությունն անուղղակիորեն ընդունում է Ուկրաինայում իր նպատակին չհասնելու փաստը։ 

«Պատերազմի դադարեցումը Ուկրաինայում Մոսկվայի համար հավասարազոր է մահվան,  դրա համար Կրեմլը ընդարձակվում է դեպի Եվրոպա։ Դա մենք տեսնում են նախորդ տարվանից՝ հիբրիդային պատերազմի շրջանակում։ Նա վախենում է, որ բաց հարձակումը Բալթյան երկրների վրա կընկալվի ուղիղ հարձակում դաշինքի վրա, դրա համար հիբրիդային պատերազմ է ծրագրում։ Արդյոք կլինի պատերազմ, թե ոչ՝ կորոշվի Ուկրաինայում։ Ինձ նման փորձագետների համար սա անակնկալ չէ։ Երբ լավ գիտես  թշնամուդ նպատակները, անակնկալներ չեն լինում»։

Բունդեսթագի ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության ներկայացուցիչ Ռյուդիգեր Լուկասենը կոչ է անում իշխանություններին վերանայելու փոփոխությունները։

«Այն փաստը, որ արտասահմանում մնալու համար տղամարդկանց անհրաժեշտ է Բունդեսվերի թույլտվությունը, հիշեցնում է ԳԴՀ դարաշրջանը և Բեռլինի պատը։ Սա ոչ մի կապ չունի ազատ ժողովրդավարական համակարգի հետ»։

Գերմանացի  ընդդիմադիր գործիչները պահանջում են, որ կառավարությունը հիմնավորի փոփոխությունները կամ վերանայի դրանք։ Պաշտոնական պարզաբանումները կտրվեն թերևս հաջորդ շաբաթ՝ Զատկական տոների ավարտից հետո։

Leave a Comment