Սեր, ցավ ու բոհեմ․ Գյումրիի թատրոնը «գրավում է» Երևանը

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը թատերական տոն է պատրաստում երևանյան հանդիսատեսի համար։ Թատրոնի 160-ամյակի շրջանակում այն հանդես կգա եռօրյա հյուրախաղերով՝ ներկայացնելով մի շարք հետաքրքիր բեմադրություններ։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ապրիլի 17-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում դիտել «Արտիստիկ համերգ» ներկայացումը, ապրիլի 18-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ինկած բերդի իշխանուհի»-ն, իսկ ապրիլի 19-ին՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում «Բոհեմ» ներկայացումը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն առանձնացնում է հատկապես «Արտիստիկ համերգ» ներկայացումը, որը ներկայացվում է նոր ձևաչափով։

«Հանդիսատեսը սովորաբար թատրոնում դերասաններին տեսել է միայն խաղալիս, իսկ այս ներկայացման դեպքում ձևաչափը փոխվել է։ Դերասանները ոչ միայն խաղում են, այլև երգում և պարում՝ հանդես գալով կենդանի նվագակցությամբ»,- ասում է նա։

«Ինկած բերդի իշխանուհին» արդեն մի քանի անգամ ներկայացվել է Երևանում և, ըստ ստեղծագործական խմբի, արժանացել ջերմ արձագանքի։ Ներկայացման հիմնական ուղերձը հետևյալն է՝ «Վրեժը ոչ մի լավ տեղ չի տանում։ Սա այն ներկայացումներից է, որը միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճում։ Արդեն երեք տարի է՝ բեմում է, սակայն շարունակում է մնալ պահանջված»,- նշում է Լյուդվիգ Հարությունյանը։

«Բոհեմ» փաստավավերագրական ներկայացումը պատմում է աշխարհում լայն ճանաչում ստացած կանանց մասին։ Չորս հերոսուհիները՝ Ֆրիդա Կալոն, Էդիթ Պիաֆը, Մարիա Ցվետաևան և Կոկո Շանելը, կանայք են, որոնք գրավել են աշխարհը, սակայն անձնական կյանքում բախվել են դժվարությունների։

Թատրոնում նաև բարեկարգման աշխատանքներ են։ Ավելացել են կապիտալ ներդրումները․ շուրջ 90 մլն դրամ հատկացվել է լուսային տեխնիկայի թարմացման, 43 մլն դրամ՝ ձայնային համակարգի արդիականացման նպատակով։

Թատրոնի տնօրեն․ «Մենք միշտ խնդիրներ ենք ունեցել կապիտալ ծախսերի հետ։ Լուսային համակարգը 1968-70-ական թվականներից էր, և լամպերը այլևս հնարավոր չէր ձեռք բերել, քանի որ դուրս էին եկել արտադրությունից։ Մեկնարկել է նաև թատրոնի կաթսայատան վերազինումը։ Նախկինում այն ևս աշխատում էր նույն տարիների սարքավորումներով։ Այժմ 30 մլն դրամ է ներդրվել, և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այդ ամենը փոխվում է»,- ընդգծել է տնօրենը։

Իսկ ամռանն արդեն թատրոնը կմեկնի հյուրախաղերի Բուլղարիա։

Leave a Comment