Հայաստանը որպես թվային փոխակերպումների ինովացիոն հաբ. մեկնարկել է «Doing Digital Forum 2026»-ը

Երևանում մեկնարկել է «Doing Digital Forum 2026»-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով պետական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին։ Կազմակերպիչները նպատակ ունեն պատկերել, թե ինչպես են թվայնացումն ու արհեստական բանականությունը վերաձևավորում տնտեսությունները, շուկաները և գլոբալ տնտեսական հարաբերությունները։

Մասնակիցները քննարկել են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունները, այլև անելիքները՝ դիրքավորելու Հայաստանը որպես տեխնոլոգիական կենտրոն։

60 բանախոս, 3 հազարից ավելի մասնակից․ Երևանում մեկնարկել է «Doing Digital Forum 2026»-ը։ Ֆորումն արդեն 4-րդ անգամ համախմբում է պետական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների առաջատարներին։ Այս տարվա խորագիրն է՝ «Միավորելով հարթակներն ու տնտեսությունները»։

«SPRING PR» ընկերության համահիմնադիր և ֆորումի կազմակերպիչ Տաթևիկ Սիմոնյանը պատկերավոր լինելու համար առաջարկում է պատկերացնել աշխարհն այնպիսին, երբ որոշումներն ընդունվում են ոչ միայն մարդկանց, այլև համակարգերի միջոցով․ իսկ սա արդեն հեռու չէ, քանի որ տնտեսությունները  միավորվում են ոչ միայն ֆիզիկական ճանապարհային ցանցերով, այլև թվային հարթակներով, իսկ արհեստական բանականությունը դառնում է տնտեսության ակտիվ դերակատար՝ շուկաների տրամաբանությունը կառուցելով ալգորիթմներով։

«Այս պատկերացումներն այլևս ապագայի մասին չեն։ Սա իրականություն է, որում արդեն այսօր ապրում ենք, կարծում եմ, բոլորս»։

Տաթևիկ Սիմոնյանի դիտարկմամբ՝ «Doing Digital Forum»-ի անցած տարիների քննարկումներն ընդգծում են թեմաների տրամաբանական շարունակությունը։ 2023-ին համաժողովը կենտրոնացած էր թվային փոխակերպումների վրա, որպես ժամանակի գլխավոր պահանջ։ 2024-ին արդեն թեման վերահսկվող զարգացումն էր՝ ընդգծելով ոչ միայն զարգացումներին հետևելը, այլև դրանք կառավարելը։ 2025-ին ուշադրության կենտրոնում փողի ապագան էր ու դրա զարգացման սցենարները։

«Այս տարի «Doing Digital Forum 2026»-ի թեման լավագույնս երևի թե արտահայտում է հենց մեր խորագիրը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները»։ Եվ իրոք, այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքականությունը բառացիորեն վերաձևավորվում է մեր աչքի առաջ։ Տեղի ունեցող տեկտոնիկ շարժերը փոխում են ոչ միայն ուժերի բալանսը, այլև՝ տնտեսությունների միջև կապերի ողջ տրամաբանությունը։ Այն կամուրջները, որոնք երկար դարերով կամ տասնամյակներով կապում էին աշխարհը, այսօր բառիս բուն իմաստով ուղղակի այրվում են։ Խզվում են տնտեսական կապերը, վերաձևակերպվում են լոգիստիկ շղթաները, փակվում կամ վերաիմաստավորվում են արդեն մեզ համար ավելի ավանդական դարձած ուղիները»։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշում է՝ միջոցառումը կենտրոնանում է կառավարության առաջնահերթ հարցերի վրա՝ կապված թվային վերափոխման հետ։ Թվայնացումը վաղուց է գերակա ոչ միայն ազգային, այլև գլոբալ մակարդակում, իսկ ամեն օրվա հետ զարգացող հնարավորությունները թույլ են տալիս նորարար գաղափարներն էլ շատ արագ ներդնել։

«Նախ և առաջ՝ կառավարությունը պատկերացնում է, որ այն գալիս է հեշտացնելու մարդու կյանքը, գալիս է վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի՝ տնտեսության և բիզնեսի համար։ Այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ, և ինչո՞ւ ոչ նաև ապահովելու նոր միջավայր տեխնոլոգիաների և նորարարության զարգացման համար»։

Տնտեսական ու տեխնոլոգիական համաշխարհային այս մրցավազքում ինչպե՞ս է դիրքավորվում Հայաստանը․ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն առաջնահերթ է համարում մակրոտնտեսական կայունության  ապահովումը, ապա՝ շեշտում․

«Եթե մեր շուրջ աշխարհը գնալով շոկերի է ենթարկում և անկանխատեսելի է դառնում, Հայաստանի ամենամեծ ռազմավարական ակտիվը մեր թրեյդմարկն է, այսպես կոչված՝ հետևողական մակրոտնտեսական կայունությունը։ Չնայած խոշոր մարտահրավերներին, վերջին տարիների Հայաստանը վայելել է կայուն տնտեսական աճի որոշ ժամանակահատված, կայուն գնաճի հետ միասին, ֆինանսական կայունության ճակատում Հայաստանի բանկային համակարգը պատշաճ կապիտալիզացիա ունի և բավականաչափ լիկվիդայնության բուֆերներ ունի։ Սա արտացոլում է մեր տնտեսական քաղաքականության շրջանակների և ինստիտուցիոնալ ունակությունների մեջ  հետևողական ներդրումները, որոնք թույլ կտան պահպանել մակրոտնտեսական կայունություն, անկախ մարտահրավերներից, որոնք սպասվում են»։

Երկրորդ կարևոր առաքելությունն, ըստ ԿԲ նախագահի, ճիշտ ֆինանսական և թվային համակարգ ստեղծելն է, որը  կկամրջի գաղափարները, շուկաները և միջազգային հնարավորությունները։

«Doing Digital Forum 2026»-ի մեկ այլ բանախոս՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, համակարգային բարեփոխումների երեք առանցքային ուղղություն է առանձնացնում՝ թափանցիկություն, մաքսային համակարգերի արդիականացում և էլեկտրոնային առևտրի ինտեգրում։ Դրան են միտված նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային ֆորումներին և 47 երկրների հետ տվյալների փոխանակումը։  

Leave a Comment