ՊԵԿ նախագահն ինքն է խոստովանում, որ վարչապետը ՊԵԿ է ղեկավարում. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

««Պարզ է, չէ՞, որ ՊԵԿ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Եվ բնական է, որ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե, օրինակ, այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային խնդիրներ ունի, ինչ հարցեր կան»:

Սա ասում է ՊԵԿ նախագահը: Պարզ չէ՞, որ այսպիսի մտածողությամբ առաջնորդվող երկրում չի կարող լինել արտաքին ներդրումների աճ, որովհետեւ ներդրողները լսում են, որ վարչապետի մոտ կարող են հարցեր ծագել այս կամ այն բիզնեսի հետ կապված եւ այդ հարցերը կարող են վերածվել ՊԵԿ-ի ցուցումի, օրինակ՝ «մի հատ տեսեք, էդ ինչ հարցեր են էդ բիզնեսում»:

Հայաստանի հանրապետության Սահմանադրության համաձայն, վարչապետը կառավարության ղեկավարն է: Վարչապետը չունի Պետական եկամուտների կոմիտեի ոչ անմիջական, եւ ոչ էլ ոչ անմիջական ղեկավարման լիազորություն: ՊԵԿ նկատմամբ լիազորություն ունի կառավարությունը հավաքականորեն, իսկ գլխավորապես՝ Ազգային Ժողովը:

Եթե ՊԵԿ նախագահն ինքն է խոստովանում, որ վարչապետը ՊԵԿ է ղեկավարում, դրանով խոստովանում է, որ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ կառավարում, ինչի հակառակն էր կարծես թե պնդում Փաշինյանը, ասելով, որ Հայաստանում աշխատում են ինստիտուտները: ՊԵԿ նախագահը խոստովանում է հակառակը, որ Հայաստանում ինստիտուտները չեն աշխատում, այլապես վարչապետը չի կարող «հայտարարվել» ՊԵԿ «անմիջական ղեկավար»։
Թեեւ,  եթե իհարկե վարչապետ Փաշինյանն ասում է՝ «կառավարությունը ես եմ», ապա իսկապես  ստացվում է, որ նաեւ ՊԵԿ-ն է ինքը: Բայց, այստեղ էլ, ՊԵԿ ղեկավարը ըստ էության սխալ է ասում: Պետք է այդ դեպքում ասել, որ վարչապետը ոչ թե ՊԵԿ «անմիջական ղեկավարն» է, այլ «վարչապետն ինքը հենց ՊԵԿ-ն է, որ կա»»։

Leave a Comment