Փաշինյանը վախենում է՝ Կարապետյանը «միլարդատերից բոմժ կարող է դառնալ»

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով:

«Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», – վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ է արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Վարչապետը Նարեկ Կարապետյանին կոշտ է արձագանքել՝ զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից և մենակ են մնալու:

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», – ասել է Փաշինյանը:

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», – արձագանքել է Նարեկ Կարապետյանը:

Նկատենք, գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի մի զգալի մասը Հայաստանից դուրս է:

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը հեսա փակենք, դուք երեք հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը, կներես 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա», – ասել է Փաշինյանը:

Երկուստեք հնչող զգուշացումների ֆոնին երեկ ուշ երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց իշխող ՔՊ-ի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է միլիարդատեր գործարարի առաջնորդած դաշինքին իր անվանման մեջ օգտագործել Սամվել Կարապետյան անունը:

Դեռևս մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ հանրությանն անհայտ երկու ուժի հետ դաշինք է կազմում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով:

Օրենքի փոփոխությունից հետո արդյոք Կարապետյանների թիմը վերանայելու է իր դաշինքի անվանումը, առայժմ պարզ չէ: Այս հարցին «Ուժեղ Հայաստանը» դեռևս ուղիղ չի պատասխանում: Դաշինքի անդամներից Գոհար Մելոյանը միայն նշում է, թե օրենքով են առաջնորդվելու, իսկ թե դա ինչ է նշանակում, պարզ կլինի առաջիկայում:

«Մենք արդեն ունենք ծագած իրավահարաբերություն, մենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն ենք, հուշագրերը կնքված են: Այս պահին զարգացումներն այդ տրամաբանության ներքո են», – «Ազատությանն» ասաց նա:

Լրացվում է

Leave a Comment