«Ուժեղ քաբաբի», «ձեթով պերաշկիի» ու դպրոցական գրականության մասին․ ԱԺ արտահերթ նիստում 1 ժամ բանավիճել են «վրիպակի» շուրջ

Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանական ընտրություններից ուղիղ 2 ամիս առաջ Հայաստանի քաղաքացիներին կես կատակ կես լուրջ հարցնում են․

-Կարո՞ղ է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե՞ չէ։ Հիմա այս հարցն ենք քննարկվում։

-«Ուժեղ քյաբաբի» մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց «Ձեթոտ պեռաշկի ավտոբուսում», օրինակ, շատ հավանական է, կարող է տենց մի բան լինել»։

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ու Արթուր Խաչատրյանի բանավեճին միանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«Ակնհայտ է, որ պեռաշկին, այնուամենայնիվ, ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք, որովհետև վերջին շաբաթներին, ակնհայտորեն, դուք պտտվում եք պեռաշկու շուրջ»։

Պատգամավորներն այսպես արձագանքում են «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու նախաձեռնությանը։ «Քաղաքացիական պայմանագրի»  պատգամավորներն արդարադատության նախարարության հետ երկու կարգավորում են մշակել։ Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյան․

«Առաջինով առաջարկվում է  Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելու հիմք սահմանել նաև քվեաթերթիկից բացի ծրարում այլ իրի առկայությունը, այդ դեպքում անհապաղ մարել ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարը, դրանում գտնվող քվեաթերթիկի հետ արդյունքներն ամփոփելիս նաև սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկել որպես անվավեր քվեաթերթիկներ։ 2-րդ փոփոխությունը, որը, ուրեմն, ծավալուն քննարկվեց, ըստ էության, վրիպակի ուղղումն է»։

Փոխնախարարի նկարագրած տեխնիկական վրիպակը ուղղել-չուղղելու շուրջ պատգամավորները մոտ մեկ ժամ բանավիճեցին։ Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը հիշեց, որ նախ 2022, ապա 2024 թվականներին, երբ փոփոխում էին ընտրական օրենսդրության որոշ հոդվածներ, քննարկվել է, որ կուսակցությունների դաշինքի անվանման մեջ չլինեն անձնանուններ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ կարգավորումն ուժի մեջ չի մտել, իսկ այժմ պատգամավորները ցանկանում են շտկել դա․

«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ և թե համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքները չեն կարող իրենց անվանումներում ունենալ անձնանուն, սակայն 2024 թվականի մեծ փաթեթով բացառապես տեխնիկական վրիպակի արդյունքում էդ Ազգային ժողովին վերաբերող հատվածը դուրս էր թռել օրենսդրությունից, դա չի քվեարկվել, չի քննարկվել հանձնաժողովում և բացառապես տեխնիկական վրիպակ է։ Իրականում մենք կարող էինք տեխնիկական վրիպակի շտկման ճանապարհով գնալ, բայց մենք մտածեցինք, որ էդ ճանապարհով գնալու դեպքում լեգիտիմության խնդիր կունենանք և որոշեցինք, որ էս հարցը բերենք Ազգային ժողովի քննարկմանը և փոփոխություն կատարենք և վերականգնենք այն կարգավորումը»։

Խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց ընտրություններից 2 ամիս առաջ նման բան նախաձեռնելը։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյան․

«Այդ մի փոքր վրիպակը ընտրություններից 2 ամիս առաջ դարձել է Հայոց հարց։ Սա մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ, կանոնակարգը փոխում ենք, կանգնեք, ու օրինակ ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազ ունեցողները վազել»։

Արուսյակ Ջուլհակյանը Մանուկյանին հիշեցրեց՝ վերջինս 2007 թվականի ընտրություններից 2 ամիս առաջ կողմ է քվեարկել ընտրական իրավունքին առնչվող նախագծի․

«2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Գեղամ Մանուկյանը քվեարկել է մի նախագծի, որով որոշել է, որ արտերկրում գտնվող ճաղատ  քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Այսինքն` այդ մարդկանց քվեարկության իրավունքից զրկել են, և պարոն Մանուկյանը չէ, որ պետք է այս հարցում մեզ քննադատի»։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին այս պահին մասնակցության հայտ ներկայացրած ուժերից միայն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անվան մեջ կա անձնանուն։ Ընդդիմադիրները նախաձեռնության հիմքում այդ ուժի համար իրավական խնդիրներ ստեղծելու նպատակ են տեսնում։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան․ «Դուք օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ, և եթե ինչ-որ մեկն ասում է, թե սա հիմնարար փոփոխություն չի, լո՞ւրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է և արգելում է դա անել»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանն իր ելույթը նվիրում է դպրոցական բանաստեղծություններից մեկը ընթերցելուն․

«Բանաստեղծությունը նվիրվում է իրենց ուժեղ հռչակած քաղաքական գործիչներին։ Կարդա, այ իմ ուժեղ մանուկ կարդա, գրիր տարին բոլոր, կարդացողի խելքն է կտրուկ, միտքը` պայծառ ու լուսավոր»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը համաշխարհային գրականությունից է մեջբերումներ անում․ «Ասում է՝ սխալվե՞լ, թե՞ չսխալվել, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ։ Միշտ էլ կարելի է ցանկացած փոփոխության ասել՝ դե այն ժամանակ սխալվել ենք, ով անսխալական է կամ մեղք չի գործել, թող առաջինը վրաս քար գցի»։

Սատիրայից այն կողմ՝ ընդդիմությունը վերապահումով է մոտենում այս փուլում վրիպակը խմբագրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկին՝ ասում է Արծվիկ Մինասյանը․

«Մեր ասածը հետևյալն է` նույնիսկ եթե դա տեխնիկական վրիպակ էր, դուք իրավունք չունեիք 2 ամիս առաջ քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում էս փոփոխությունն անել։ Ուզեք, թե չուզեք, սա քաղաքական հետևանք է առաջացնում, պարզ ենք բացատրում, պարզ ենք ասում»։

Արտահերթ նիստին զուգահեռ՝ Սամվել Կարապետյանի մի շարք աջակիցներ խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով չեղարկել օրինագծի քննարկումը։ ԱԺ կանոնակարգի համաձայն, մինչդեռ, հարցը կքննարկվի հրատապ ռեժիմով․ 24 ժամ անց կլինի դրա երկրորդ ընթերցումը։ Հիմնավորումն այն է, որ հաջորդ երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 13-ից, մեկնարկելու է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը։

Leave a Comment