Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցված են, հարվածները՝ ոչ․ թիրախում նավթային տերմինալներն են

Ուկրաինական ու ռուսական կողմերը վերջին ժամերի ընթացքում հաղորդում են փոխադարձ հզոր հարվածների մասին։ Հիմնականում շեշտվում է նավթային տերմինալներին հարվածի մասին։ Սրան զուգահեռ՝ ռուսական և ուկրաինական կողմերը նշում են, որ բանակցություններն այս պահին դադարեցված են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին փոխադարձ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու առաջարկ է անում։ Առաջարկը Մոսկվային է փոխանցվել ԱՄՆ-ի միջոցով։

Անցյալ շաբաթ Զելենսկին առաջարկել էր հրադադարի ռեժիմը պահպանել մինչև ապրիլի 12-ը՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնը, սակայն Մոսկվան այդ առաջարկին պատասխանել է իրանական արտադրության «Շահիդ» անօդաչուների նոր հարձակումներով՝ ասում է է Զելենսկին։

«Եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնելու մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, մենք պատրաստ կլինենք նույն կերպ արձագանքելու։ Այս առաջարկը ռուսական կողմին փոխանցվել է ամերիկացիների միջոցով։ Մենք նաև աշխատում ենք ամերիկյան կողմի հետ՝ փաստաթղթերի մշակման ուղղությամբ։ Ուկրաինան պատրաստում է իր առաջարկները՝ ամրապնդելով անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը։

Ներկայումս մեծ կասկածներ կան դիվանագիտության նկատմամբ՝ և ոչ միայն այստեղ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում։ Արդյոք հնրարավո՞ր է արդյունք կլինի՝ կախված է դիվանագիտական գործընթացի բոլոր մասնակիցներից։ Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ տարբեր մակարդակներում՝ արդյունք ապահովելու համար»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նույնպես հաստատում է, որ ուկրաինական խնդրով բանակցությունները այս պահին դադարեցված են։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ եռակողմ ձևաչափով հանդիպում այս պահին դժվար է կազմակերպել, քանի որ Վաշինգտոնն այլ առաջնահերթություններ ունի։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին՝ այն առայժմ դադարեցված է։ Ամերիկացիները շատ այլ խնդիրներ ունեն, դա հասկանալի է։ Այդ պատճառով այժմ դժվար է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել։ Բայց ուկրաինացիները շարունակում են կապ պահպանել ամերիկացիների հետ։ Մենք ևս շարունակում ենք ամերիկացիների հետ տեղեկություններ փոխանակել»։

Պեսկովը նաև պարզաբանել է, որ Կրեմլը տեղեկություններ չունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների՝ Զատկից հետո Կիև նախատեսված այցի մասին։

Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցված են, բայց ակտիվ են փոխադարձ հարվածները․ ռուսական ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Խերսոնին, Խարկովին, Դնեպրոպետրովսկին, կան զոհեր ու վիրավորներ։

Ռուսական կողմն էլ հայտնում է Նովոռոսիյսկի, Անապայի, Գելենջիկի և Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին: Նովոռոսիյսկ նավահանգստում ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին՝ Telegram-ում գրում է Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ծառայության հրամանատար Ռոբերտ Բրովդին։ «Ադմիրալ Մակարովը» կրում է «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Անօդաչուն հարվածել է նաև «Սիվաշ» լողացող հորատման կայանին։

Ուկրաինական հարձակումների պատճառով վնասվել է նաև «Շեսխարիս» նավթային տերմինալը, որն ապահովում է Ռուսաստանի ծովային արտահանման մինչև 20 %-ը։ Տերմինալի վրա հարձակումը հաստատում է նաև Bloomberg-ը՝ հրապարակելով NASA-ի արբանյակային լուսանկարները։

Leave a Comment