Աշխատանքային այցով Արմավիրի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարզպետի հետ քննարկել է սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, որոնք բարձրաձայնվում են ՄԻՊ-ին ուղղված դիմումներում: Դրանք տարբեր բնույթի են՝ երեխաների իրավունքների պաշտպանություն, խմելու ջրի մատակարարում, ջրահեռացում, թափառող շներ ու այլ։ Այցի մասին պատմում է մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանը: Նա մարզպետից հետաքրքվել է նաև Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատման թեմայով։
Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը Արմավիրի մարզպետի հետ փակ էր, առանց լրագրողների: Հաջորդիվ լրագրողներին ասացին, որ քննարկել են բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվում են հանրային ոլորտում մարդու իրավունքների իրացմանը: Պաշտպանի խոսքով՝ այդ խնդիրներին անդրադառնում է մարզային այցերի միջոցով:
«Իմ մարզային այցերը պարբերական են: Հիմնական նպատակը նախ՝ խնդիրները վերհանելն է, դրա հետ մեկտեղ նաև՝ արդեն վերհանված խնդիրների լուծումները տեսնելը: Հետևողական ենք խնդիրների լուծումները գտնելու հարցերում»։

Պաշտպանն ընդգծում է, որ շեշտակի նվազել են խմելու ջրի մատակարարման ու որակի վերաբերյալ Արմավիրից ստացվող դիմումները: Խնդիրը բարձրաձայնվում է ոչ միայն դիմումների միջոցով, այլև բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Այս մարզի հետ կապված մեր հիմնական դիմումները վերաբերել են ոչ միայն ջրի որակին, այլև, ընդհանրապես, պատշաճ ջրամատակարարման բացակայությանը: Մեզ տեղեկացրեցին, որ բավականին լուրջ ծրագրային աշխատանքներ են իրականացրել: Ըստ էության, կարծես թե խնդիրը համակարգային առումով լուծվել է: Եվ ես շատ եմ կարևորում, որպեսզի լուծումը հետևողական ու շարունակական լինի»:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է կոյուղագծերի խնդրին ևս. մարզի բնակիչները երբեմն դժգոհում են կառույցի սպասարկման որակից: Խնդրի արդյունավետ լուծումը պաշտպանը դիտարկում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային ծառայութունները մատուցող կազմակերպության՝ «Վեոլիա ջրի» հետ գործակցությամբ:



Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում չկա հանրային տրանսպորտ, ինչը վատ է անդրադառնում մարդկանց կյանքի որակի, այդ թվում՝ կրթության իրավունքի իրացման վրա։ Հանրային տրանսպորտի բացակայության պատճառով այդ գյուղերի բնակիչները դժվարանում են օգտվել այլ բնակավայրի կրթական հաստատությունից՝ նկատում է Անահիտ Մանասյանը:
«Սա չափազանց կարևոր է այն տեսանկյունից, որ անհնար է մեր բոլոր բնակավայրերում կառուցել օրինակ՝ մանկապարտեզներ ու դպրոցներ: Իսկ երբ չենք ունենում լուծված հանրային տրանսպորտի խնդիր՝ բավականին բարդ է բնակավայրերից այնտեղ հասնել: Որովհետև մարդիկ մեքենա չունեն, հանրային տրանսպորտ չկա, չեն կարողանում դրանից օգտվել: Մինչդեռ այս խնդիրը լուծվելու արդյունքում՝ կլուծվեն նաև մնացած խնդիրները, հատկապես՝ կրթության իրավունքի»:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրը ևս օրակարգային է: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հավաստիացրել է, որ հաջորդ տարի բոլոր բնակավայրերի երեխաները հնարավորություն կստանան տեղում ստանալ նախնական կրթություն:

Մարդու իրավունքների պաշտպանն Արմավիրի մարզպետի հետ քննարկել է նաև թափառող շների հարցը, որոնց հարձակումներից շատերն են տուժում, բայց միաժամանակ բացառում է նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը: Արմավիրում թափառող կենդանիների համար նախատեսվում է կացարան կառուցել՝ վստահեցնում է մարզպետ Վահրամ Խաչատրյանը:
«Մեծամոր համայնքը հողակտոր է հատկացնելու և իր բյուջեի միջոցներով շների ապաստարան է կառուցելու: Այն կհանձնվի շների պաշտպանությամբ զբաղվող հասարակական մի կազմակերպության, որն այնտեղ գործունեություն կծավալի: Ինձ թվում է, այս տարի այդ հարցը կլուծվի»:

Օրեր առաջ Արմավիրի մարզպետն անվստահության հիմքով աշխատանքից ազատել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին: Վերջինս միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմին:

Արդյոք քաղաքական հայացքնե՞րն են եղել որոշման հիմքում․ «Ռադիոլուրի» հարցին մարզպետը պատասխանել է.
«Ոչ, իհարկե, Սարդարապատի դպրոցի տնօրենն ազատվել է տեսչական մարմնի ստուգումների արդյունքում: Քաղաքական ուղղությամբ տանում է հենց ինքը՝ իրեն արդարացնելու համար: Բոլորին պարզ է, թե Սարդարապատի տնօրենը ինչ կարգով է միշտ աշխատել: Նշեմ նաև, որ ստուգումներ են կատարվում և առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն, և մեր հանրությունը կիմանա, թե ինչի համար է հեռացվել»:

Իսկ դպրոցի «Փառքի անկյունում» Արցախի դրոշի առկայությունը ե՞վս պատրվակ չէր՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանը կրկին բացասական պատասխան տվեց.
«Արցախի դրոշի հետ կապված լուրը լկտի սուտ է: Դա իրենք են հորինել: Եթե ես Արցախի դրոշը հանող լինեի, Արցախի 2 պատերազմներին չէի մասնակցի՝ ապրիլյան քառօրյային ու 44-օրյային»:
ՄԻՊ-ի մարզային այցերը շարունակվում են։