
«Հայուհի» կանանց կենտրոնի հիմնադիր Լիանա Մանուկյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։
«Այսօր ես կանգնած եմ մի կետում, որտեղ հասկանում եմ՝ միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ, որոնք կերաշխավորեն և կամրագրեն կնոջ բացարձակ դերը պետության ուժեղացման գործում՝ լինել ինքնաբավ, տնտեսապես անկախ և պաշտպանված։ Ուժեղ պետությունը հենց այն պետությունն է, որտեղ կինն ունի հնարավորություններ՝ կերտելու իր սերուդների ճակատագիրը, տնօրինելու իր ստեղծածը և պաշտպանելու այդ սերունդներին։ Հայ կինն է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է ընտանիքը, հասարակությունն ու հայրենիքը։
Հենց այս գաղափարներն իրագործելու համար ես որոշում եմ կայացրել ընդլայնել իմ գործունեության շրջանակները և միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Սա իմ քաղաքական ընտրությունն է, որովհետև ես տեսնում եմ այն ուժը, որն ունակ է իրականացնելու այս տեսլականը։ Ես գնում եմ քաղաքականություն, որպեսզի «Հայուհի» կենտրոնում մեր որդեգրած արժեքները դառնան պետական արժեքներ։ Ես գնում եմ պայքարելու, որպեսզի հայ կնոջ բարձր դերը լինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ պետականության անբաժանելի մաս։
Սակայն ուզում եմ հստակ հայտարարել.
«Հայուհի» կանանց կենտրոնը եղել և մնալու է ապաքաղաքական հարթակ։ Սա իմ ստեղծած անկյունն է, որը երբեք չի՛ դառնալու քաղաքական գործիք կամ քարոզչամեքենա։ Կենտրոնը կշարունակի իր առաքելությունը՝ լինելով ապահով վայր յուրաքանչյուր հայուհու համար՝ անկախ նրա քաղաքական նախասիրություններից։ Ես լքում եմ կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ այն վստահելով պրոֆեսիոնալ թիմի, որպեսզի իմ քաղաքական գործունեությունը որևէ կերպ չստվերի կենտրոնի մաքուր ու անկողմնակալ ընթացքը։
Կենտրոնը կմնա ձերը, իսկ ես կդառնամ ձեր ձայնը քաղաքականության մեջ։
Մենք պետք է կառուցենք մի երկիր, որտեղ կնոջ ուժը չի չափվի նրա համբերությամբ, այլ նրա ազատությամբ ու հաջողություններով։ Մենք պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ կնոջ իրավունքը սուրբ է, իսկ նրա ներուժը՝ պետության շարժիչ ուժը։
Սա իմ ուղին է, և ես հավատում եմ, որ այն տանելու է դեպի իսկապես ազատ ու հզոր հայրենիք։
Եկել է ժամանակը վերափոխելու մեր իրականությունը։ Մենք միասին ենք կերտելու մեր ապագան»,- նշել է նա։